Որտեղի՞ց է առաջացել Ղարաբաղում թուրքական ԱԹՍ-ների արդյունավետության մասին միֆը

217

Պարզեցված մոտեցումը բացատրվում է փորձագետների վերացական ռազմատեխնիկական գիտելիքներով, ինչպես նաև հայկական մարտական տեխնիկայի ու անձնակազմի խոցման վառ օրինակներով: Սակայն իրականությունը միշտ ավելի բարդ է, քան դրա մասին մեր պատկերացումները։

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

XXI դարում մարտական գործողությունները չեն կարող «էժան ու ջղային» լինել, և, այդուհանդերձ, առանձին տեխնոլոգիական նորույթները` հարվածային ԱԹՍ-ների տեսքով, հաղթանակ չեն խոստանում։ Որոշիչ դերակատարություն ունի պետության ռազմական կազմակերպման ամբողջ համակարգը, այդ թվում` պաշտպանական արդյունաբերության ներուժը, զինանոցն ու լոգիստիկ հնարավորությունները։ Ղարաբաղյան հակամարտությունը նախևառաջ ցուցադրեց ոչ թե թուրքական «Bayraktar TB2»-ի առավելությունը երկնքում, այլ հայկական կողմի սեփական ուժերի գերագնահատումն ու պաշտպանության վատ կազմակերպումը ցամաքում։

Հրադադարից հետո մեդիատիրույթում հայտնվեցին գնահատական տվող բազմաթիվ հրապարակումներ, որոնց բովանդակությունը կարելի է ներկայացնել երկու պարզ պնդումով.

– Ադրբեջանը հաղթեց, քանի որ թուրքական ԱԹՍ-ներ ուներ, իսկ Հայաստանը չուներ,

– ռուսական «ծանր» ՀՕՊ համակարգերն անօգուտ են ժամանակակից «դրոնների պատերազմում»։

Պարզեցված մոտեցումը բացատրվում է փորձագետների վերացական ռազմատեխնիկական գիտելիքներով, ինչպես նաև հայկական մարտական տեխնիկայի ու անձնակազմի խոցման վառ օրինակներով: Սակայն իրականությունը միշտ ավելի բարդ է, քան դրա մասին մեր պատկերացումները։

Հրաշքներ չեն լինում, ցանկացած ֆիլմ նկարահանվում է ռեժիսորի մտահաղացմամբ։ Ղարաբաղում թուրքական «Bayraktar»-ների ու ադրբեջանական այլ տեսակի ԱԹՍ-ների միջոցով նկարահանված նյութերն ի սկզբանե ծառայեցին հակառակորդի մարտական ոգին վնասելուն ու զենքի համաշխարհային շուկայում թուրքական անօդաչուներն առաջ մղելուն։ Միաժամանակ կադրից դուրս մնացին «դատարկ չվերթերն» ու վրիպումները, հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ու ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) միջոցներով խոցված տասնյակ դրոնները։

Մարտի դաշտում կենդանի ուժի ու տեխնիկայի ոչնչացման հիմնական գործիքները շարունակում են մնալ հրետանային սարքերն ու համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը (ՀԿՌՀ), որոնք կարող են հետևողականորեն «վարել» հակառակորդի առջևում ու թիկունքում գտնվող հեկտարները։ Զորքերում փողային ու ռեակտիվ հրետանու թիվն ավելի շատ է, քան անօդաչուներինը։ Հրետանու մարտական հզորությունը նույնպես անհամեմատ մեծ է։

Օրինակ՝ մեկ միլիոն դոլար արժեցող «Bayraktar»-ը կարող է ընդամենը 150 կգ զինամթերք բարձրացնել ու տեղ հասցնել, իսկ բյուջետային ՀԿՌՀ-ն՝ տոննաներ։ Այսպիսով՝ հրետանին զգալիորեն նվազեցնում է թիրախների վերացման «ինքնարժեքը»։ Ռազմական բյուջեի չափը երաշխավորված հաղթանակի հետ կապ չունի։ Օրինակ՝ Պենտագոնը տարիներ շարունակ գերակայություն ուներ Աֆղանստանի երկնքում, բայց չկարողացավ թալիբներին հաղթել ցամաքում։

Անփույթ ինքնավստահություն

Ճիշտ կազմակերպված, էշելոնացված ՀՕՊ համակարգը կարող է հակառակորդի ԱԹՍ-ների ցանկացած «փունջ» չեզոքացնել, իսկ ռադիոէլեկտրոնային հետախուզության միջոցները հաշված վայրկյանների ընթացքում տալիս են մարտական կառավարման կետերի կոորդինատները (կրակային խոցման համար)։ Մինչդեռ Ղարաբաղում տեղակայված հայկական զորքերի միայնակ ՀՕՊ միջոցները պատշաճ քողարկում չէին ապահովում ոչ միայն «հնացած» բնութագրերի պատճառով։ Ազդեցություն ունեցավ նաև ծառայության կազմակերպման մակարդակը, համակարգի բացակայությունը։ Նշենք՝ «Ստրելա-10»–ը և «Օսա-ԱԿՄ»-ն 1960-ակաների ԶՀՀ-ներ են, երբեմն դրանք ութ կիլոմետր հեռավորության վրա գտնվող «Բայրաքթարներին» չէին հասնում։ Իսկ «Տոր-Մ2ԿՄ»–ն (մոտ հեռահարության) ու «Բուկ-Մ2Է»–ն (միջին հեռահարության) պաշտպանում էին բացառապես Երևանն ու Մեծամորի ատոմակայանը։

Եվս մեկ խնդիր էր տեղանքում քողարկման միջոցների հանդեպ անփույթ վերաբերմունքը, որոշ ռազմական օբյեկտներ ասես բղավում էին. «Սպանիր ինձ» (1 շտաբային վրանին հասցված հարվածը կարող է անկառավարելի դարձնել մի քանի ստորաբաժանում)։

Մյուս կողմից էլ, երբ թուրքական ԱԹՍ-ները սկսեցին Ղարաբաղի տարածքից «պատահաբար» անցնել Հայաստանի Հանրապետության սահմանային տարածք, այնտեղ ճիշտ կազմակերպված ՀՕՊ–ն ու ՌԷՊ-ը առանց խնդիրների խոցեցին ԱԹՍ-ները։ Շուտով դրոնները դադարեցին թռչել (հնարավոր է՝ կառավարման կետերն էլ տուժեցին)։

1994 թվականի ռազմական հաղթանակը ձևավորեց և տարիների ընթացքում ամրապնդեց ղարաբաղյան ուղղությամբ հայկական զորքերի անպարտելիության միֆը։ Միայն դրանով կարելի է բացատրել Արաքս գետից մինչև Մռավի լեռնաշղթա 100 կմ երկարությամբ հատվածում լուրջ ինժեներական կառույցների բացակայությունը։ Վերևից բաց խրամատներն ու կրակային կետերը, առանձին բլինդաժները նախորդ դարի սկզբի ամրաշինության նմուշներ են։ Հայկական կողմը չի հոգացել նաև երկարաժամկետ կրակային կետերի (երկաթբետոնից) ու ստորգետնյա հաղորդակցման ցանցի մասին, թեև ժամանակը բավարար էր՝ ավելի քան 25 տարի։ Այդ ֆոնին 2019 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Արցախը Հայաստան է» (ճիշտ է՝ չճանաչեց ԼՂՀ-ն), իսկ Դավիթ Տոնոյանը ձևակերպեց «Նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց» հայեցակարգը։

Սեպտեմբերի 27-ի դրությամբ հայկական կողմի ռազմական ներուժը մի քանի անգամ զիջում էր ադրբեջանական կողմի հզորությանը, բայց միևնույնն է` հակառակորդները կենդանի ուժի ու տեխնիկայի հավասարազոր ահռելի կորուստներ ունեցան։ Հարավային ուղղությամբ ադրբեջանական ուժերը փուլերից մեկում տասնապատիկ գերազանցություն ապահովեցին, բայց մեկ ամսվա մեջ ընդամենը 30-40 կիլոմետր առաջ անցան։ Բաքվի բլիցկրիգը չհաջողվեց։ Պետք է արժանին մատուցել հայ զինծառայողների և կամավորների տոկունությանն ու անձնական արիությանը․ նրանք ստիպված էին գործել ի հեճուկս հանգամանքների, մարտական կառավարման կենտրոնացված համակարգից դուրս, առանց օդային քողարկման։

Սիրիական ու լիբիական փորձը

Վերադառնալով ռուսական ՀՕՊ համակարգերի ու թուրքական ԱԹՍ-ների մրցման թեմային՝ կարելի է հիշել Սիրիայի ու Լիբիայի օդային տարածքում տեղի ունեցած «դրոնաթափը», որն իրական դարձավ «Տոր-Մ2ԿՄ», «Բուկ-Մ2Է» ու «Սոսնա» զենիթահրթիռային համակարգերի պրոֆեսիոնալ կիրառման շնորհիվ։ Նույնքան արդյունավետություն ունեցան «Պանցիր-Ս1» ԶՀՀ-ները։ Եթե այդ համալիրները ժամանակին լինեին Ղարաբաղում, թուրքական «Բայրաքթարներին» ոչ մի շանս չէին տա։ Ինքներդ դատեք։

«Տոր-Մ2ԿՄ» զենիթահրթիռային համալիրը զինված է ութ հրթիռով` մինչև 15 կմ հեռահարությամբ և 10 կմ որսալու բարձրությամբ, միաժամանակ հայտնաբերում է 48 թիրախ։

«Բուկ-Մ2Է» զենիթահրթիռային համալիրի առավելագույն հեռավորությունը 45 կմ է։ Այն որսում է թիրախը 15 մետրից մինչև 25 կիլոմետր բարձրության վրա։ Կարող է խոցել աերոդինամիկ թիրախներ, որոնք մինչև 2,5 Մախ արագություն ունեն, ու բալիստիկ թիրախներ, որոնք մինչև 4 Մախ արագություն ունեն։ Միաժամանակ կարող է մինչ 24 թիրախ խոցել։

«Սոսնա» զենիթահրռիթային համալիրը մինչև 12 կիլոմետրի վրա տեսնում է թևավոր հրթիռներն ու ԱԹՍ-ները։ Երաշխավորված խոցման հեռավորությունը 1,3–10 կմ է, բարձրությունը՝ երկու մետրից հինգ կիլոմետր։ Օրվա ցանկացած ժամին ու եղանակային ցանկացած պայմաններում կարող է աշխատել ավտոմատ ռեժիմով` առանց անձնակազմի մասնակցության։ Կարող է խոցել նաև ցամաքային օբյեկտներ, այդ թվում՝ տանկեր, որոնք հայտնաբերում է մինչև ութ կիլոմետր հեռավորության վրա։

Խաղաղապահ գործողության շրջանակում Ռուսաստանը նորագույն «Լեեր-3» ռադիոէլեկտրոնային պայքարի համալիրներ է տեղափոխել Ղարաբաղ։ Հիմնական խնդիրներն են` GSM ստանդարտի բջջային կապի ազդանշանների լռեցում, 3G ու 4G ցանցերի ճնշում։ Համալիրը կազմված է ԿաՄԱԶ մեքենայից և «Օրլան-10» երեք ԱԹՍ-ից, որոնց կիրառման շառավիղը 120 կմ է (մինչև 5 կիլոմետր բարձրության վրա օդում գտնվելու ժամանակը` մինչև 10 ժամ)։ ԱԹՍ-ն կարող է նաև հեռախոսներ և պլանշետներ հայտնաբերել, հետախուզություն իրականացնել, տվյալները տեղափոխել թվային քարտեզի վրա ու փոխանցել հրետանային հաշվարկներին՝ կրակային դիպուկ հարված հասցնելու համար։

Ղարաբաղյան հակամարտությունը կրկին սառեցված է, ոչ թե լուծված, և հետախուզության ժամանակակից միջոցներն ու ՀՕՊ համակարգերն ամենևին էլ չեն կորցրել իրենց նշանակությունը։

Armeniasputnik.am