«Հետեւեք այն ոստիկաններին, որոնք դուրս են գալիս համակարգից, որ չդառնան գործիք». Ա. Հովհաննիսյանը՝ ոստիկանապետին

74

Ընդդիմության կազմակերպած «Արժանապատվության երթը» հասավ ՀՀ ոստիկանության շենքի մոտ:

Այստեղ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը դիմեց ոստիկանության աշխատակիցներին՝ նշելով. «Դուք կոչված եք պաշտպանելու հայ ժողովրդի իրավունքները: Դուք այս պահից սկսած պետք է դադարեք դառնալ այդ խելագարի ձեռքի գործիքը եւ կատարել իր որոշումները: Ձեր մեջ կան բազմաթիվ արժանապատիվ մարդիկ, որոնք օրենքի շրջանակում են աշխատում: Կան մարդիկ, որ դուրս են եկել համակարգից՝ պահելով պատիվը, չկատարելով ապօրինի հրահանգներ: Դուք պարտավոր եք գործելու օրենքի շրջանակներում, հակառակ դեպքում դուք կիսելու եք իր դավաճանական գործողությունները, որն իրականացրել է մեր պետության գլխին:

Նորից կոչ եմ անում գործել օրինականության դաշտում, ապահովել քաղաքացիների անհնազանդության ակցիաները, չփորձել ճնշումներ գործադրել, կիանգնել ժողովրդի կողքին, որ կարողանանք հեռացնել այս խելագարին ու կառուցենք մեր երեազած երկիրը»,-ասաց Սաղաթելյանը:

Իր հերթին ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն ասաց. «Խոսքս ուղղում եմ ՀՀ ոստըիկանապետ պարոն Վահե Ղազարյանին. Հարգելի պարոն Ղազարյան, մենք գիտենք, որ դուք Նիկոլ Փաշինյանի դասընկերն եք, գուցե ընկերն եք, գուցե անգամ իրեն ընտանիքի անդամի պես եք ընդունում: Ես ձեզ մի հարց եմ ուզում տալ. Եթե ձեր ընտանիքի մի անդամը հետեւողականորեն կործանում է ձեր ընտանիքի մյուս անդամներին, դուք շարունակելու եք ոչինչ չանել ու նայե՞լ: Թե՞ մեկուսացնելու եք այն անդամին, որը կործանում է թե իր հարեւաններին, թե ձեր ընտանիքի անդամներին: Դուք պարտավոր եք կանգնել ժողովրդի կողքին, որպես պատվախնդիր սպա կատարել այն, ինչ պահանջում է ՀՀ շահը: Հետեւեք այն ոստիկաններին, որոնք դուրս են գալիս համակարգից, որ չդառնան գործիք»:

Այս ելույթից հետո ցուցարարները շարունակեցին երթը եւ հաջորդ կանգառը կատարեցին ԱԱԾ շենքի մոտ: Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց շարժման ուղերձը ԱԱԾ ծառայողներին. «Այսօր մեր երկրի թիվ մեկ սպառնալիքը վարչապետի առոթից կառչած Նիկոլ Փաշինյանն է: Հարգելի ԱԱԾ սպաներ, դուք ամիսներ շարունակ ձեր հիմնական առաքելությունը թողած, իրականացրել եք քաղաքական հետապնդումներ, թշնամուն լսելու փոխարեն ձայնագրել եք ընդդիմադիր գործիչներին: Ինչ արել- արել եք, բայց այսօր մեր երկրի սպառնում է ազգային անվտանգություն: Դուք հանուն մեր երկրի անվտանգության պետք է քայլեր ձեռնարկեք այդ գլխավոր խեղկատակին մեկուսացնելու, մեր երկիրը դրանից ազատելու համար: Եթե մտածում եք մեր երկրի անվտանգության մասին, դրա հիմնական սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է: Պետք է զբաղվեք նրանով»:

News.am