Տիրոջ արտի մեջ ծառայող մշակը

82

Տեր Սեպուհ Արքեպիսկոպոս Չուլջյանի լուսե հիշատակին

ՖԵԼԻՔՍ ԲԱԽՉԻՆՅԱՆ
Մշա՛կ, ցանէ՛, յանուն Տիրոջ նշխարին,
Թող մատներէդ յորդին սերմեր լուսեղէն,
Վաղը ամէն մէկ հասկի մէջ կաթնային
Պիտ՛ հասուննայ մաս մ Յիսուսի մարմինէն:

Դանիէլ Վարուժան

Հայոց հազարամյա հողը նորից տնքում է թանկ կորուստների ցավից… Նորից արյուն է հեղվել մեր սրբազան հողին, նորից հայրենյաց նահատակների, անթաղ մեռելների, վիրավոր առյուծների ու արծիվների, որդեկորույս մայրերի տխու՜ր, շա՜տ տխուր մահերթ է… Այս ի՞նչ բախտ ու ճակատագիր ես պահել մեզ, Տե՛ր Աստված, տիեզերական հարատեւ, մշտահոլով ու անփոփոխ երթի մեջ ես առել մեզ ու բաց չես թողնում: «Մեր բաժին Աստված, քո սիրտն էլ էր քար…», կասեր Վարպետը… բայց հետո… հետո, հենց հաջորդ տողի մեջ այդ նույն Վարպետը կվառեր հույսի ու լույսի իր բանաստեղծական կերոնը, կվառեր նախ ինքն իր ներսում, իր բառաքանդակի մեջ, իր քերթության ծովում ու երկնքում, հետո կլուսավորեր հայոց աշխարհը, հայ մարդուն ու անհավատի խիզախությամբ երկինք կնետեր իր մարգարեությունը… մեր հավերժության երթի հանդեպ կարճ է անգամ Աստծո կյանքը… մինչդեռ մեր կյանքը երկար է ու պիտի շարունակվի, պիտի ձգվի ու պիտի երկարի մեր քարերն ի վեր…

Որտեղի՞ց մեզ այս մահամերժ քաջությունը, այս խենթության չափ անխորտակելի հավատը…Ո՞վ է տվել մեզ այդ համառ լավատեսությունը, որ այդպես կարծրացել ու կպել է մեր կողերին, մեր ոսկորներին, մեր ողնաշարին, դաջվել է մեր մաշկինՙ մեզ դարձնելով ավելի դիմացկուն, ավելի պինդՙ պնդերես չասելու համար, ավելի ճկուն ու ավելի շարժունակ…

Մեր զրույցներից մեկի ժամանակ Դու ասացիր, որ յուրաքանչյուր փակուղի ունի ելքի երկու դուռ. մեկը այն դուռն է, որով մտել ես, մյուսը պիտի գտնես ինքդՙ գլուխդ տալով փակուղու ճաղերին ու պատերին…Ու ավելացրեցիր, որ Աստված մեր հանդեպ գոնե մի բանում բարեգութ է գտնվելՙ մեզ շնորհելով ելքի երրորդ դուռըՙ հավատը առ Աստված… Որտեղի՞ց մեր մեջ այդ համառ ու աննահանջ հավատը երբեւէ չտեսած, անիմանալի ու անքննելի այդ ուժի հանդեպՙ ինքդ էլ չգիտեիր… կամ գուցե գիտեիր, բայց միտքդ ու լեզուդ վարժված չէին մեզՙ սովորական մահկանացուներիս այդ խորությանն ու խտությանը հաղորդակից դարձնելու պարզունակությանը:

Ո՞ւր է, որտե՞ղ է Աստված… երբ մեր հին ու հավատավոր ժողովուրդը շնչահեղձ է լինում չարի ու բռնության ճիրաններում… Որտեղի՞ց է գալիս հավատը, թե այնուամենայնիվ, կա՛ փրկություն, այս փորձությունը չի կարող վերջը լինել, անգամ չի կարող վերջինը լինել, որովհետեւ առաջինը չէ…

Այս խոհերը ինձ հաճախ են բերել դեպի Քեզ… ՍՐԲԱԶԱ՛Ն ՀԱՅՐ… դեռ Էջմիածնում, երբ երկուսս էլ երիտասարդ ուսանողներ էինք, եսՙ ակումբագրադարանային տեխնիկումի, Դուՙ Գեւորգյան հոգեւոր ճեմարանի…Մենք համախոհներ էինք, միեւնույն արժեհամակարգը կրող երիտասարդներ, բայց մի օր մենք բացահայտեցինք ու հասկացանք, որ մեզ կապում է ավելի խորախորհուրդ ու հոգեւոր մի հանգամանք, քան սոսկ գաղափարներն են… Եսՙ Ալավերդուց եկած անաստված երկրի կոմերիտականս, Դուՙ նույնքան անաստված Թուրքիայում ծնված ու հայրենիք հայրենադարձված Հայոց ցեղասպանության ժառանգդ…որո՞նք էին մեզ անտեսանելի թելերով իրար կապող եզրերը… ի վերջո մի օր գտանք:

Ծնված լինելով միանգամայն տարբեր երկրներում եւ ազգային ու քաղաքակրթական տարբեր միջավայրերումՙ մեր ճակատագրերն, այնուաեմնայնիվ, ի սկզբանե խաչաձեւվել էին մի սրբազան կետումՙ երկուսիս ծնողներն է մեզ մկրտել էին գաղտնիՙ ինձ Օձունում, Քեզՙ Մալաթիայում: Ալավերդու շրջկոմում կային հորս ծանոթ աթեիստՙ ասել է թեՙ անաստված կոմունիստ ընկերներ, եւ եթե նրանք իմանային, խիստ կնեղանային, եթե չասենքՙ պատասխանատվության կենթարկեին հորս: Օձունի վանքում շաբաթվա օրերին ոչ ոք չէր լինում. մի երկուշաբթի թե երեքշաբթի օր հայրս խնդրել էր քահանային ինձ եւ քույրերիս մկրտել: Քեզՙ քույրերիդ եւ եղբայրներիդ հետ Մալաթիայում մկրտել էին շրջիկ քահանաները…Ի՜նչ զուգադիպություն…մենք հաճախ ենք խոսել այդ մասին: Հայ երեխաների գաղտնի մկրտությունը դեռ շարունակվում էր 20-րդ լուսավոր դարի կեսերինՙ Թուրքիայում եւ Խորհրդային Հայաստանում: Այդ հանգամանքը մեզ ավելի սերտ կապեցՙ տարիների ընթացքում հնարավորություն տալով բացահայտել ճակատագրի ուրիշ նմանություններ էլ…

Խոստովանում եմ, որ եսՙ հավատավորս, հաճախ եմ դեպի Քեզ եկել նախահարձակ, աննահանջ, ըմբոստ… ասելու Քեզՙ ոչ, ինձ արդեն չես կարող համոզել մեր ժողովրդի հանդեպ Աստծո բարեգթության մեջ…Ավելի հասուն տարիքում, երբ մեր ազգային վշտերի վրա ավելացել են նորերը, եղել են օրեր, երբ մեր զրույցները աննկատ երկարել են մինչեւ լուսաբաց… Շատ հետ չեմ գնա պատմության խորքերը…Կգամ 19-րդ դարի վերջից… Ո՞ւր էր մեր բաժին Աստված, երբ թուրքը սրախողխող արեց հազարավոր հայերի, մոխիրների վերածեց շքեղ Ադանան, ու՞ր էր 1915-ին, երբ հազարները դարձան միլիոն, իր հայրենիքում, իր բնօրրանում մորթվեց ու տեղահանվեց մի ամբողջ ժողովուրդ… Ո՞ւր էր 1937-ին, ո՞ւր էր 1941-ին… Ո՞ւր էր 1988-ի ահեղ երկրաշարժի օրերին, ո՞ւր էր Արցախյան առաջին պատերազմին, Ապրիլյան քառօրյային…Դու պատասխանում էիր…ի՜նչ ծով համբերություն ունեիր, ի՜նչ անափ հայրենասիրություն… Դուք երբեւէ տեսե՞լ եք, թե ի՜նչ հզոր երեւույթ է ազգասեր հոգեւորականը… դա տեսնելու եւ զգալու բան է, ասելով չես հասկանա… ի՜նչ վիթխարի էներգիա է ճառագում նրանից, ինչպե՜ս ես ճնշվում ու փոքրանում այդ էներգիայի թափից…

Ես այն չարագույժ օրը եկել էի, որ հարցնեի… Ո՞ւր է Աստված 2020 թվականի այս պայծառ աշնանը… Հադրութում, Շուշիում…

Ճանապարհին ես մտքումս արդեն պատկերացնում էի մեր խոսակցությունը… ես նույն անուղղելի նախահարձակն եմ, Դուՙ նույն անուղղելի ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐԸ…Դու լսում ես ինձ, լսում ես լուռ ու անմռունչ, ների՛ր, բայց Դու մտքումդ պատասխաններ ես «մոգոնում»… հիմա կասես… անքննելի են, անճառելի են…անիմանալի են Աստծո գործերը… անոխակալ ու բարեգութ Աստված…

Բայց այս անգամ կարծես թե ոչինչ չես ասում… ու դա վախեցնում է ինձ ավելի շատ, քան իմ գործած բոլոր մեղքերըՙ գիտակցված, թե անգիտակից… Դու չունե՞ս մեր ճակատագրի ինչու-ի պատասխանը, Սրբազա՛ն Հայր… Ախր Դու ունեիր, Դու միշտ ես ունեցել, նորից ասա՛ ինձ, թեկուզ խաբիր, բայց մի բան ասաՙ ինչո՞ւ…

Դու լռեցիր այդ օրը…ի՞նչ կար մտքիդ… չիմացա… Իսկ ավելի ճիշտՙ իմացա օրեր անց…

Այդ օրը Դու հոգնած էիր ու շատ խռովված, անխոսիկ ու տխուր…վերադարձել էիր թաղումիցՙ հոր եւ որդու միաժամանակ, ընկել էին Թարթառի ալիքների մեջՙ Մռավի փեշերին…Դու զորակցել էիր նրանց մորը, կնոջը, մխիթարության խոսքեր ասել հարազատներին, բայց քրոջ խոսքերը չէիր մոռանում.»Եթե Աստված կա, ինչո՞ւ է այսպես վարվում մեզ հետ»: Սասանվե՞լ է հայի դարավոր հավատը, Դու դրանի՞ց վախեցար, թե՞…

Բոլորս բազմաթիվ անգամ ներկա ենք գտնվել հոգեհանգստի արարողության: Սգո տխուր այդ ծիսակարգը ունի իր ոգին, որը մի առանձին խորհրդավորություն է հաղորդում սգո արարողությանը: Այդ ոգին կարգը կատարող հոգեւորականն…Այդ նա է մեզ հաշտեցնում մահվան հետ, այդ նա է մեզ մահամերժ քաջութուն եւ ուժ տալիսՙ հավատով, որ ավարտվում է հանգուցյալի երկրային ճամփորդությունը միայն, նա հավերժական ճամփա է ելել եւ գնում է Աստծո տուն, որտեղ չկան հեծություն եւ տառապանք, ցավ եւ դժբախտություն… Դուք երբեւէ ձեզ բռնե՞լ եք այն մտքի մեջ, որ հենց այդտեղ է ցավամոք ու ամենափրկիչ հավատը մեզ առնում իր գիրկը, պահում ու պաշտպանում ուժեղ ծնողի պես, բժշկի պես…Ու մենք այդտեղից դուրս ենք գալիս հոգով թեթեւ, մաքրված, այո, այո, նաեւ ուրախ…Դա տեղի է ունենալու բոլորիս հետ, անխտիր, առանց բացառության, Աստծո առաջ հավասար ենք բոլորս, եւ մահը այնքան սարսափելի չէ, երբ հավատում ես հավիտենական կյանքի հրաշքին…

Ահա այսպես էիր քարոզում, Սեպուհ սրբազան…Մարդիկ Քո կատարած հոգեհանգստից դուրս էին գալիս ոչ թե որպես վշտաբեկ ու մոլորյալ, այլ պայծառացած, իմաստնացած, հավատի մեջ զորացած ու հոգով ուժեղ…

Հիմա կանգնած եմ ՔՈ հոգեհանգստինՙ գլխիկոր ու հուսահատ…Ի՞նչ ես զգում, Սրբազա՛ն, Դու հիմա այնտե՞ղ ես, որի մասին այնքան լավ գիտեիրՙ առանց այնտեղ լինելու…Այնքան խաղաղ ես, այնքան անվրդուվ, այնքան հաշտ ու համերաշխ մահվան հետ…Ես չգիտեմ, թե հոգեհանգստի քանի կարգ ես կատարել քո հոգեւոր կյանքում, բայց գիտեմ, որ այս վերջին մեկուկես ամսվա քո կատարած հոգեհանգստի կարգերըՙ օրը 10-20 կարգ, եթե ոչ ավելի, դու այնպես չէիր ցանկանա կատարել: Եթե անգամ իսկապես աներկբա ու անկեղծ հավատում էիր հանդերձյալ կյանքի հավերժությանը, որտեղ չկա հեծութուն, չկա տառապանք, չկա… միեւնույն է, դու այնպես չէիր ցանկանա կատարել այդ ծեսերը…Դու այնպես չէիր ցանկանա տեսնել այս սպանդը, մասնակից դառնալ մեր երիտասարդ զինվորների, հայրենիքի նահատակների, իսկական հայորդիների այնքան անժամանակ հոգեհանգստի արարողությանը… Խոնջացա՞ր, Սրբազա՛ն, նեղացա՞ր, վախեցա՞ր, զայրացա՞ր, թե՞ վերջապես որոշեցիր գնալ եւ ինքդ հարցնելՙ ինչո՞ւ…

Չխաբես մեզ, Դու խաբել չգիտեիր…Դու պարզապես չդիմացար, Սրբազա՛ն Հայր, Դու չդիմացար… ամոթ չէ, խոստովանի՛ր գոնե հիմա, Դու չդիմացար… որովհետեւ դիմանալու բան չէր… Ոչ մի կրոնի, ոչ մի հավատի, ոչ մի դավանանքի մեջ այսքան արդար, այսքան անմեղ, այսքան երիտասարդ զոհերի նահատակություն սահմանված չէ…Սա մեղք էրՙ տիեզերական մեղք, իսկ մենքՙ այդ մեղքի անամոթ մասնակիցներն ու ականատեսները, իսկ Դու…կարծես ասում եսՙ այստեղ Աստված չէ, Աստված չի կարող իր մոտ կանչել այսքան անմեղների…Ի՞նչ կասես Աստծո մասին…Նայում եմ խաղաղ փակված կոպերիդ, որոնց վրա իջնում են ծխի խնկաբույր քուլաները, ու ասես լսում եմ պատասխանդ.»Գնում եմ, որ իմանամՙ ինչո՞ւ»:

Սրբազա՛ն Հայր, թանկ ու սիրելի Հայ… Դու այնքան գեղեցիկ, այնքան հանգիստ, այնքան խաղաղ ու անվրդով, առանց դույզն-ինչ պարտադրանքի ու ստիպողականության կարողացար հավատի սերմեր ցանել Հայաստան աշխարհիՙ 70 երկար ու ձիգ տարիներ անաստվածության խափան ու խոպան մնացած անդաստանի ակոսներում, այնպես ջերմությամբ ու հոգատար սրտացավությամբ խնամեցիր ու պահեցիր այդ անդաստանը, փայփայեցիր ու պաշտպանեցիր օտար, չար սերմերից, քամիներից…ու թողեցիր քո հոտը այդ վերակենդանացած անդաստանում մենակ…այն ժամին, երբ ամենաշատն էիր պետք նրան… «Գնամ տղաների մոտ…», պատասխանում է խաղաղված հայացքդ, որ ընդամենը մեկ օր առաջ խռովահույզ ու տագնապած էր, եթե չասեմ ցասկոտ ու վրեժով լեցուն…

Իսկ տղաներին հարցրե՞լ ես…ուզում եմ ասել….Իսկ տղաներին հարցրե՞լ էին…պատասխանում ես…

Սա խենթություն է …այս անգամ արդեն ոչ այն խիզախ խենթությունը, որից բանաստեղծություն, կտավ ու երգ է ծնվում…այլ այն հանցավոր խենթությունըՙ անպտուղ ու անէ, որից ոչինչ չի ծնվում….այսպես խենթացել է Վարդապետըՙ ամենաաշխարհիկը հոգեւորների մեջ եւ ամենահոգեւորըՙ աշխարհիկների մեջ…

Սրբազա՛ն Հայր, սիրված ու հաջողված է այն հոգեւորականը, ում էության գոնե կեսը աշխարհիկ է…Դուՙ մեր օրերի ամենահոգեւորը աշխարհիկների մեջ եւ ամենաաշխարհիկըՙ հոգեւորների մեջ: Ես վաղուց էի ուզում Քեզ ասել այդ մասին, ու այդ օրը եկել էի, որ պատմեմ մտադրությունս: Ես մի խոհագրություն եմ գրել Քո մասինՙ մեր օրերի հզոր հոգեւոր այրի մասին, այն հավատավոր հայրենասերի, որի մասին երազել են մեր մեծերը: Եկել էի, որ ցույց տամ խոհագրությունս, խոսենք, քննարկենք, գուցե էլի բաներ կան պատմելու: Գիտեի, որ չես ավելացնի, ընդհառակը, կպակասեցնես… Ամեն ինչից զատՙ Դու համեստագույն մարդ ես, ՄԵԾ ՄԱՐԴ…

Ցավում եմ, որ այս խոհագրությունս ջնջող ու կրճատող չեղավ… այդ պատճառով մնում է այնպես, ինչպես ծնվել է…

Իսկ ինչու-ի պատասխանը… ես գիտեմ, որ արդեն գիտես… ու գիտեմ, որ մեզնից ոչ ոք այստեղ չի կարող իմանալ…

Նկար 1. Լուսանկարումՙ Տեր Սեպուհ Արքեպիսկոպոս Չուլջյանը եւ Ֆելիքս Բախչինյանը Վանաձորի Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանի բացմանը։ 2011թ. հոկտեմբերի 10