Ռոհանին հայտարարել է, որ Էրդողանի՝ բանաստեղծություն արտասանելը «դժվար թե միտումնավոր վիրավորանք է պարունակում»

128

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ քիչ հավանական է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ադրբեջանում արտասանած բանաստեղծությունը (Արաքս գետով «ադրբեջանների» բաժանման մասին) ուղղված է Իրանի տարածքային ամբողջականության դեմ կամ էլ վիրավորանք է պարունակում իրանցի ժողովրդի հանդեպ. հայտնում է Euronews-ի թուրքական ծառայությունը։

Թեհրանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ռոհանին ասել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները շատ կարևոր են՝ հաշվի առնելով քաղաքական, տնտեսական գործոնն ու Աստանայի ձևաչափով միասին գործելը։

Նշենք, որ Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը խստորեն քննադատել էր Էրդողանին արտասանած խոսքերի համար, իսկ երկրում թուրք դեսպանը կանչվել էր ԱԳՆ։

Դրանից հետո, ըստ թուրքական ԶԼՄ–ների, կայացել էր Չավուշօղլու–Զարիֆ հեռախոսազրույց, որի ընթացքում թուրք նախարարը հայտարարել էր, որ տեղի է ունեցել թյուրըմբռնում՝ կապված թուրք ղեկավարի խոսքերի հետ։

Yerkir.am