Համանախագահները պարտավորվել են կոնկրետ առաջարկներ ներկայացնել

114

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ռուսաստանի Դաշնություն՝ Իգոր Պոպով, Ֆրանսիա՝ Ստեֆան Վիսկոնտին և ԱՄՆ՝ Էնդրյու Շոֆեր) տարածաշրջան այցի արդյունքներով հայտարարություն են տարածել։

Ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին և ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը մեկնել են Բաքու դեկտեմբերի 12-ին և 13-ին, Երևան`դեկտեմբերի 13-ին և 14-ին: Բաքվում նրանց ընդունել է նախագահ Ալիևը, հանդիպել են արտգործնախարար Բայրամովի հետ: Երևանում նրանց ընդունել է վարչապետ Փաշինյանը, հանդիպել են արտգործնախարար Այվազյանի հետ:

Ռուս համանախագահ Իգոր Պոպովի`ճանապարհորդելու անկարողության պատճառով Ռուսաստանի Դաշնությունը Բաքվում ներկայացրել է ՌԴ դեսպան Միխայիլ Բոչարնիկովը, իսկ Երևանում` Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովը:

Համանախագահները հանդիպել են նաև տարածաշրջանում գործող ԿԽՄԿ-ի և ՄԱԿ-ի գործակալությունների ներկայացուցիչների հետ: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը նույնպես մասնակցել է բոլոր հանդիպումներին:

Երկու մայրաքաղաքներում էլ կողմերը ներկայացրել են իրավիճակի գնահատականը և հայտնել գալիք տարվա համանախագահների հետ համագործակցության վերաբերյալ իրենց ակնկալիքները:

Հաշվի առնելով նոր իրողությունները՝ համանախագահները հաստատել են իրենց շարունակական նվիրվածությունը՝ կողմերի հետ կառուցողական համագործակցության համար՝ տարածաշրջանում խաղաղություն, կայունություն և բարգավաճում խթանելու և առկա խնդիրները լուծելու համար:

Համանախագահները պարտավորվել են նաև կոնկրետ առաջարկներ ներկայացնել կողմերի հետագա քննարկումների համար՝ հանդիպումների ընթացքում բարձրացված հարցերի վերաբերյալ:

Նշելով զոհերի պատճառ դարձած միջադեպերի մասին վերջերս տարածված հաղորդագրությունները՝ համանախագահները կողմերին կոչ են արել լրացուցիչ միջոցներ ձեռնարկել՝ իրավիճակը կայունացնելու համար՝ իրենց ստանձնած պարտավորություններին համապատասխան: Համանախագահները Հայաստանին և Ադրբեջանին հորդորել են հնարավորինս արագ ավարտել բոլոր ձերբակալվածների փոխանակումը և արագացնել դիակների հայտնաբերումն ու վերադարձը՝ համաձայնեցնելով ԿԽՄԿ-ի հետ:

Հիշեցնելով Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների՝ Տիրանայում դեկտեմբերի 3-ին կայացած ԵԱՀԿ նախարարական հայտարարությունը, համանախագահները կրկնում են իրենց միասնական դիրքորոշումը` հօգուտ բոլոր հիմնական հարցերի համապարփակ և կայուն կարգավորման: Համանախագահները և կողմերը կարևորել են բորբոքող հռետորաբանության նվազեցումը` առավել դրական միջավայր ստեղծելու համար:

Համանախագահները և կողմերը կարևորել են միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը՝ հակամարտության արդյունքում տուժած բնակչությանը մարդասիրական օգնության խթանման, ինչպես նաև մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության համար:

Yerkir.am