Թշնամուն ոչ մի թիզ հող չենք տվել ու չունենք տալու. Խնձորեսկի համայնքապետ

326

Խնձորեսկցի կամավորները համայնքապետի գլխավորությամբ կանգնած են սահմանին՝ հայ զինվորի կողքին։

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Թշնամուն ոչ մի թիզ հող չենք տվել ու չունենք տալու։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքի ղեկավար Երվանդ Մալունցը։

Նա շեշտեց, որ պետք չէ արհեստականորեն խուճապ առաջացնել, քանի որ խնձորեսկցին և համայնքի կամավոր տղաները՝ իր գլխավորությամբ, կանգնած են սահմանին՝ հայ զինվորի կողքին։

«Թշնամուն ոչ մի միլիմետր հող չի զիջվել, և դրա մասին խոսք լինել անգամ չի կարող։ Մենք մեր հողի վրա վստահ ենք կանգնած»,–ասաց նա։

Նա հավելեց, որ պետք չէ զանգահարել իրեն և հարցնել, թե ինչ իրավիճակ է համայնքում։

«Կարող եք ձեզ նեղություն տալ, դուրս գալ հարմարավետ սենյակներից, անձամբ գալ առաջնագիծ և պատկերացում կազմել իրավիճակի մասին»,–ասաց նա։

Նշենք, որ այսօր ընդդիմության կազմակերպած «Արժանապատվության երթի» ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ խոսել է Խնձորեսկի համայնքապետի հետ, որն ասել է, թե թուրքերը բարձրախոսով Խնձորեսկի բնակիչներին ասել են՝ հետ քաշվեք, քանի որ GPS-ով դա մեր սահմանն է:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Armeniasputnik.am