Ընդդիմության երթը կառավարության շենքի մոտ «բռունցք» ցույց տվեց Փաշինյանին. մասնակիցները վանկարկեցին «Վազգեն վարչապետ»

81

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմության կազմակերպած «Արժանապատվության երթը», որն այսօր սկիզբ էր առել Սասունցի Դավիթ կայարանից, հասել է կառավարության շենքի մոտ:

Այստեղ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը դիմելով Նիկոլ Փաշինյանին ասաց. «Դու հայ ժողովրդին շարունակելու ես տեսնել ոստիկանական պատնեշի հետեւից: Դու դավաճանել ես մեր ժողովրդին, հետեւաբար, իրավունք չունես ներկայացնելու մեր ժողովրդին: Կոչ եմ անում բոլորս բռունցքներս վեր բարձրացնենք: «Նիկոլ, այս բռունցքը սպառնալիք չէ միայն, սա մեր ժողովրդի միասնական բռունցքն է, որով քեզ հեռացնելու է, միավորվելու է բզկտված հայրենիքը կառուցելու համար: Դու այս բռունցքի մեջ տեղ չունես, հեռացիր եւ վերջ»:

Սաղաթելյանը կոչ արեց ողջունել կառավարության շենքում գտնվողներին, քանի որ Նիկոլ Փաշինյանն այդ շենքում եւ ընդհանրապես հանրության շրջանում աջակցություն չունի:

«Մեզ միացավ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, եկեք ողջունենք պարոն Մանուկյանին»,-ասաց նա, որից հետո երթի մասնակիցները սկսեցին վանկարկել՝ «Վազգեն վարչապետ»:

News.am