Anglo Asian Mining-ը ներկայում ուսումնասիրում է Հայաստանի կառավարության դեմ հայց ներկայացնելու հնարավորությունը

174

2020 թվականի հոկտեմբերի 22-ին Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարությունը տարածեց մի հայտարարություն, որում ասվում էր, որ Ադրբեջանի զինված ուժերը ազատագրել են Զանգելանի շրջանը, որտեղ գտնվում է Վեջնալի (Vejnaly) հանքավայրը, ինչպես նաև հաստատում էր Anglo Asian Mining plc-ի շահագործման իրավունքները այդ և Արցախ տարածքում գտնվող այլ հանքերի վերաբերյալ։ Սական, ինչպես միշտ, Հայաստանի կառավարությունը որևէ ձևով չարձագանքեց Ադրբեջանի այս հայտարարությանը։

Վեջնալի հանքավայրը հայտնի է դեռևս ԽՍՀՄ գոյության ժամանակներից: Այն հարուստ է ոսկու, արծաթի և այլ պաշարներով և նախնական հաշվարկներով պաշարները հասնում են մինչև 6.5 տոննա (C1 + C2) և 2.3 տոննա (P1), որը դոլարային արտահայտությամբ կազմում է մոտ 518 միլիոն դոլար։ Հատկանշական է, որ Վեջնալի հանքավայրի երկրաբանական հետազոտությունների (5 տարի ժամկետով) և շահագործման թույլտվությունները (15 տարի ժամկետով) տրամադրվել են Anglo Asian Mining-ին դեռևս 2020 թվականի պատերազմից տարիներ առաջ:

Ուշագրավ է այն, որ Վեջնալի հանքը շահագործվելու է Anglo Asian Mining plc-ի կողմից «արտադրության բաժանման պայմանագրով» (Production Sharing Agreement), որը կնքվել է Ադրբեջանի կառավարության հետ, հետևյալ շահութաբաժնով` Ադրբեջանին-51% և Anglo Asian Mining-ին 49%։ Պետք է նշել, որ այս պայմանագիրը սկսել է գործել այն պահից, երբ Զանգելանի շրջանը անցել է ադրբեջանական կողմին։ Այսինքն` Anglo Asian Mining-ն արդեն ունի իրավունք սկսելու շահագործել Վեջնալի հանքը։ Այստեղ պետք է ընդգծել նաև, որ մինչև վերջերս Վեջնալի հանքավայրը շահագործվել է որոշ ներդրողների կողմից, որոնք ստացել են Արցախի կառավարության թույլտվությունը։

Ավելին, 2020 թվականի հոկտեմբերին Anglo Asian Mining-ն հայտարարել է, որ Ադրբեջանի կառավարության կողմից ստացել է նաև Soutely (Զոդ) և Gyzilbulakh հանքավայրերի երկրաբանական հետազոտությունները և շահագործման թույլտվությունները։ Ըստ ադրբեջանական հաշվարկների Soutely (Զոդ) պաշարները կազմում են մոտ 60 տոննա (C1 + C2), իսկ շահագործման ժամկետը 16 տարի է, որը դոլարային արտահայտությամբ կազմում է մոտ 3,5 միլիարդ դոլար։ Ընդ որում, դեռևս 2020 թվականի պատերազմից մի քանի տարի առաջ այս տեղեկությունն արդեն իսկ ներառված է եղել ընկերության կորպորատիվ շնորհանդեսներում։ Այսպես` Ադրբեջանին անցել են միլիարդավոր դոլարներ, իսկ Հայաստանի կառավարությունը որևէ պահանջներ չի ներկայացնում ադրբեջանական կողմին։ 

Հատկանշական է նաև, որ Anglo Asian Mining-ն Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակավորված ընկերություն է, և վերոնշյալ երեք հանքերի (Vejnaly, Soutely և Gyzilbulakh) վերաբերյալ տեղեկությունները եղել են հրապարակային, որոնց վերաբերյալ ընկերությունը ներկայացրել է պարտադիր հաշվետվություններ թե իր ներդրողներին և այն երկրի կառավարությանը (Ադրբեջան), որտեղ ընկերությունը գործում է։ Առկա է նաև տեղեկություն առ այն, որ Anglo Asian Mining-ի վերջնական շահառու է հանդիսանում նաև Ալիևների ընտանիքը։

Որոշ տեղեկությունների համաձայն Anglo Asian Mining-ը ներկայումս ուսումնասիրում է Հայաստանի կառավարության դեմ հայց ներկայացնելու հնարավորությունը, քանի որ տարիների ընթացքում չի կարողացել շահագործել այդ երեք հանքերը։ Anglo Asian Mining-ը կարող է ներկայացնել փոխհատուցման պահանջը Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին համաձայնագրի հիման վրա։ Anglo Asian Mining-ը իրավունք ունի պահանջնելու վնասների փոխհատուցում` ներառյալ բաց թողնված օգուտը, որը կարող է հասնել միլիարդավոր դոլարների։

Ակնհայտ է, որ գործող կառավարությունը այլևս չունի կարողություն ապահովելու Հայաստանի և Արցախի իրավական պաշտպանությունը միջազգային հարթակներում, ուստի օր առաջ պետք է հեռանա հնարավորություն տալով պրոֆեսիոնալներին արդյունավետ իրականացնելու երկրի իրավական պաշտպանությունը, սա բխում է նաև Հայաստանի և Արցախի շահերից։

Սարգիս Գրիգորյան, GPartners իրավաբանական ընկերություն