Փաստացի մենք պարտվել ենք պատերազմում, որում հաղթելը որևէ բարդություն չէր ներկայանում իրենից․ Արթուր Դանիելյան

160

Հոկտեմբերի 17-ին մեզ այցելեց մի լրագրող: Օրը լավ եմ հիշում, քանի որ լուր ստացանք, որ հրադադար է կնքվել: Ես ու Կոստյան լրագրողի հարցերին մոտ տաս րոպե պատասխանեցինք մի վայրում, որը ես համարեցի առավել անվտանգ:

Զրույցից մի քանի ժամ անց մեզ առաջին անգամ հրետակոծեցին Սմեռչով: 8 հրթիռներից մեկն ընկավ հենց հարցազրույցի վայրում ու ավիրեց այն:

Բուն հարցազրույցը հետո շատ մեծ կրճատումներով եթեր տվեցին, մեր աղջիկներն էլ այն տեղադրեցին Ադեկվադի էջում: Երբ վերադարձանք քաղաք, մի քանի անգամ դիտել եմ այդ եթեր տրված կտորը ու փորձել եմ հասկանալ` ինչու՞ էին հենց այդ կտորը թողել: Այնպես չէ, որ մնացած մասերում իշխանությունների համար որևէ վտանգավոր բան կար, ընդհակառակը, պատերազմի կիզակետում ես էլ Կոստյան էլ խոսում էինք միայն այն փաստերի մասին, որոնք պիտի վստահություն ներշնչեին:

Բայց այդ ամենը կտրվեց: Կտրվածի մեջ ինձ համար ամենա ուշագրավն էս կտորն էր, որը ամբողջովին համապատասխանում էր իրականությանը: Ամեն ինչ ճիշտ էի ասել, ուրիշ հարց, որ ամեն ինչ չէ, որ ասել էի: Հիմա արդեն սկսում եմ հասկանալ` ինչու դա կտրվեց:

Ամբողջ պատմությունը հետևյալն է: 4րդ պաշտպանական շրջանի մեր ողջ գծով պլանավորվել էր հարձակում իրականացնել: Մեզ որպես կամավորների հարցրել էինք` արդյո՞ք պատրաստ ենք գրոհին մասնակցել: Ես 14 հոգուց բաղկացած երկու ջոկ էի առանձնացրել էդ նպատակով: Գրոհը սկսեց, երեք կետից ներթափանցման փորձ էր պլանավորված: Մի ուղղությամբ տղերքը խփեցին ու մտան հակառակորդի խրամատ, ունենալով ընդամենը երեք թեթև վիրավոր: Երկրորդ ուղղությամբ ականազերծման հետ խնդիր եղավ ու գրոհը կանգ առավ: Իսկ երրորդ կետում գրոհողների հրամանատարը հրաժարվեց հրամանը կատարել: Ողջ երկայնքով գրոհը տապալվեց: Այն տղաները, որ մտել էին հակառակորդի խրամատ, ստիպված հետ քաշվեցին:

Սա պատերազմի կիզակետն էր: Հակառակորդը հարավում ճեղքել, մտել էր ու բոլոր ուժերը աստիճանաբար փոխանցում էր այնտեղ, ու եթե մեզ հաջողվեր կենտրոնում առաջ գնալ, նրանք ստիպված կջլատեին իրենց ռեսուրսը ու հարավում էականորեն կթեթևանար մերոնց վիճակը: Ու սա ընդամենը մեկ դրվագ է բազմաթիվ նմաններից: Սրան հետևում է պետական քարոզչության գրաքննությունը, որը փաստորեն միտված էր թաքցնել մեր պոտենցիալը:

Հրապարակավ մարդկանց կերցնում էին «հաղթելու ենք»-ը, իսկ իրականում անում էին ամեն ինչ, որ դա տեղի չունենա: Ասում եմ սա վստահությամբ, քանի որ նույն գիծը հիմա էլ է պահվում: Հստակ միտում կա իրավիճակը ներկայացնել շատ ավելի ծանր, քան իրականում է: Մենք, օրինակ, կորցրել ենք մեր զինուժի ռեսուրսի մոտ 15%-ը, բայց ներկայացվում է այնպես, իբր էլ զինվոր չմնաց: Առաջին դեմքը պնդում է, որ մարդիկ չէին ուզում կռվել, մինչդեռ հենց ինքն է դադարեցրել զորահավաքը: Նույն անձը պնդում էր, որ բլոկադայի պատճառով զենք հնարավոր չէր բերել, մինչդեռ զենքն առանց որևէ խնդրի անընդհատ գալիս էր հենց այն ծավալով, որով պահանջվում էր:

Ներկա պահին Արցախում կա ավելի շատ զինվոր, քան երբևէ եղել է ու ավելի շատ զենք, քան երբևէ` թե քանակի և թե որակի առումով: Կեղծ է այն թեզը, որ մեր բանակը կազմաքանդված է ու որ տարիներ կպահանջվի այն վերականգնելու համար: Իրականում վերախմբավորումը մի քանի շաբաթվա խնդիր է: Իսկ ամենա մեծ կեղծիքն այն թեզն է, որ սա ավերիչ պատերազմ էր:

Չէ´ հարգելիներս, եթե դուրս գանք մեր խիստ սահմանափակ աշխարհայացքի սահմաններից, պարզ կլինի, որ սա ընդամենը շատ փոքր ու խիստ վերահսկելի բախում էր: Բախում, որը իր մասշտաբով ավելի փոքր էր, քան օրինակ առաջին Չեչենականը, առավել ևս երկորդը: Ռուսաստանի Դաշնությանը պահանջվեց երերք շաբաթ, որ լիարժեք լրացնեն բոլոր բացերը Արցախում: Էդ մեր «ահռելի» կորուստները ընդամենը երեք շաբաթվա հարց էին…

Փաստացի մենք պարտվել ենք պատերազմում, որում հաղթելը որևէ բարդություն չէր ներկայանում իրենից: Ընդ որում, կապիտուլյացիան ստորագրել ենք այն պահին, երբ հակառակորդը լրիվ սպառված էր: Մեր դիմացի խրամատներում 55-ից ջահել զինվոր չէր մնացել: Պատերազմի չվերսկսման յուրաքանչյուր վայրկյան թշնամին վերականգնվում է, իսկ մեզ միտումնավոր սուզում են քաոսի մեջ: Այդ թվում նաև բոլոր նրանք, ովքեր այս իրականությունը խեղաթյուրում են, պնդելով, որ մենք պիտի տարիներով զարգանանք, հզորանանք, որ փորձենք հետ բերենք կորսվածը: Ժամանակը մեր օգտին չէ ոչ մի առումով: Բոլոր նրանք, ովքեր պնդում էին, որ մենք ապագայում ավելի մեծ շանս ունենք հաղթելու, քան հենց էս պահին`կամ բութ են, կամ սրիկա, կամ էլ երկուսը միասին:

Հ.Գ. Սմերչի համազարկից հետո հատուկ դուրս եկա ու նկարեցի ավերածությունները, մի տեսակ չհավատալով, որ 30 հոգուց ոչ մեկ լուրջ վնասվածք չէր ստացել: Չէին հավատում դրան նաև գումարտակի շտաբում, որտեղ տեսնում էին, թե ինչ էր մեր վրա թափվում: Ճիշտն ասած` հիմա էլ հավատս չի գալիս: Մեկ-մեկ ինձ թվում ա, որ սաղս մեռել ենք, բայց մեր հոգիները դրա մասին չգիտեն ու տենց ուրվականի պես չարչարվում ենք: