Փաշինյանը՝ իր հրաժարականի ու ընտանիքի մասին

212

Նիկոլ Փաշինյանն այսօրվա «լայվ»-ի ժամանակ անդրադարձել է իր ընտանիքին առնչվող լուրերին. «Երեխաներիս մասին, իբր երեխաներս կամ ընտանիքիս անդամները Հայաստանը լքել են: Վերջին ամիսներին առավելեւս պատերազմի մեկնարկից ի վեր իմ ընտանիքի որեւէ անդամ Հայաստանից դուրս չի եկել եւ չի պատրաստվում դուրս գալ: Արդեն ամենօրյա լրահոսի մաս է դարձել արտերկրում մեր ընտանիքի ունեցած առանձնատների մասին խոսակցությունը: Սա ոմանք դարձրել են իրենց պայքարի հիմնական գործիք, մինչդեռ պետք է իմանաք, որմիակ անշարժ գույքը, որին երկիր մոլորակի վրա տիրապետում է իմ ընտանիքը, Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող բոլորիդ հայտնի բնակարանն է:

Լուրեր են դրվում շրջնառության մեջ մեր ընտանիքի իբր հարստությունների մասին, մինչդեռ բոլորդ պետք է իմանաք, որ բացի հրապարակված միջոցներից, մենք այլ միջոցների չենք տիրապետում»,-ասաց նա:

Փաշինյանը խոսել է նաև իր հրաժարականի մասին. «Հստակ ասել եմ, որ ժողովրդի կողմից ինձ տրված կարգավիճակից կարող եմ հրաժարվել միայն ժողովրդի կամարտահայտման հավաստի արդյունքների հիման վրա: Քանի դեռ նման կամարտհայտություն  տեղի չի ունեցել, շարունակելու եմ կատարել վարչապետի իմ գործառույթները եւ պրտավորվել եմ դա անել շիտակ ու ազնիվ:

Այսօրվա թիվ մեկ խնդիրը Հայաստանի շուրջ անվտանգության միջավայրի կայունացումն է եւ մենք հետեւողականորեն գնալու ենք այս ճանապարհով:

Կան որոշ պրոցեսներ, որոնց նպատակը ակնհայտորեն Հայաստանի ժողովրդին, մարդկանց ընդհանուր առմամբ պրոցեսներից դուրս թողնելն է եւ փակ սենյակներում բարձրաշխարհիկ միջավայրերում խնդիրներ լուծելը: Սա, իհարկե, անընդունելի է: ՀՀ ժողովուրդը եղել եւ շարունակելու է մնալ Հայաստանում իշխանության եւ իրադրության տերը: Ես ինձ համարում եմ նաեւ այդ իրողության երաշխավորը: Ժողովուրդը պետք է վստահ լինի, որ իր կամքը ՀՀ-ում ունի վճռական եւ անշրջելի նշանակություն: Ժողովրդի կամքը արտահայտվելու հնարավորություն պետք է  ստեղծվի եւ ժողովրդի կամքը շրջանցելու բոլոր փորձերը իհարկե, չեն կարող ունենալ որեւէ հաջողություն»,-ասել է նա: