Մեր տունը վառել ենք, որ չմնա թուրքին. 5 երեխա ունեցող չարեքթարցի ընտանիքն անտուն է մնացել

211

Շահումյանի շրջանը Ադրբեջանին հանձնելուց օրեր առաջ Ամիրյանները Չարեկտարի իրենց տունը թալանված գտան։

Ընտանիքի հայրը՝   Մասիսը, բարկությունից այրեց տունն ու տեղափոխվեց Հայաստան։

«Մի օր սոված, մի օր ծարավ, տուն եմ դրել, 5 երեխա պահել, մեծացրել, վերջում ասեցին 5 օր ժամանակ ունես:  Եկա,տեսա տան մեջ ամեն ինչ թալանված է, նույնիսկ արաղի բաժակներս էին տարել, սեղան, աթոռները,  համակարգիչը, կառավատը, ինչ լավ է եղել, տարել են»,- պատմեց նա:

Գյուղի գրեթե բոլոր տները թալանվել ու այրվել էին, երբ պաշտոնապես հայտարարվեց, որ սխալմունք է եղել․ Չարեկտարը մնում է հայկական կողմին, քանի որ խորհրդային տարիներին Մարտակերտի շրջանի կազմում էր։ 5 օրում տեղահանվելու հրաման տված կառավարությունն այժմ էլ չարեկտարցիներին հորդորում է գյուղ վերադառնալ։

«Էս քյորփեքին տանեմ, ինչ անեմ, մի 5 տարուց հետո էլ փախնեմ, արդեն 3-րդ գաղթն է»,- ասաց Մասիսը:

Ամիրյանների ընտանիքի կանայք ու երեխաները պատերազմի 8-րդ օրն են գյուղից դուրս եկել ու տեղափոխվել Չարենցավան։  Նրանք կորցրել են տունը, աշխատանքը։

Մինչեւ գործ գտնելը փորձում են կառավարության տրամադրած աջակցության ծրագրերի միջոցով անհետաձգելի խնդիրները լուծել, բայց գործընթացը ձգձգվում է։

Չարեկտարի գյուղապետարանից հայտնում են պետական միջոցներով տները վերակառուցելու ծրագրի մասին։ Իսկ մինչեւ այդ Ամիրյաններն ու նրանց պես անտուն մնացած չարեկտարցիները դեռ պետք է առաջիկա ամիսների, միգուցե տարիների իրենց կեցության խնդիրը լուծեն։

news.am