Արցախի տարածքային կորուստներն ահռելի վնաս են հասցրել ՀՀ տնտեսությանը. Tert.am

226

Tert.am-ը ՀՅԴ էկոնոմիկայի և ֆինանսների հանձնախմբի ղեկավար Արմեն Գրիգորյանի հետ զրուցել է երկրում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակի, դրամի արժեզրկման, տնտեսության վրա Արցախում կորցրած տարածքների ազդեցության և այլ հարցերի շուրջ։-Պարոն Գրիգորյան, ԱՄՆ դոլարի փոխարժեքն աստիճանաբար բարձրանում է, արդյո՞ք կայուն է հիմա վիճակը, ԿԲ-ն վստահեցնում է, որ կայուն է, բայց արդյո՞ք ավելի վատ սցենարների չի բերի դրամի արժեզրկումը:-Վերջին մեկ ամսվա ընթացքում արտարժույթի՝ մասնավորապես ԱՄՆ դոլարի, Եվրոյի և ՌԴ ռուբլու փոխարժեքները բարձրանում են։ Դիցուք, ըստ ԿԲ հաշվարկային փոխարժեքի 13․11․2020 թվականը համեմատած 13․12․2020 թվականի հաշվարկային փոխարժեքներն ավելացել են` ԱՄՆ դոլարը՝ 25 դրամով, եվրոն՝ 44, իսկ ռուբլին՝ 0,7 դրամով։ Անշուշտ, առևտրային բանկերում և փոխանակման կետերում գործում են ավելի բարձր առքի և վաճառքի փոխարժեքներ։ Հաշվարկային փոխարժեքը նաև հանդիսանում է տնտեսությունում հաշվարկվող հարկման բազա, երբ ներմուծվում են ապրանքներ արժույթներով։ Սա նշանակում է, որ ներմուծվող ապրանքների և հումքի որոշակի թանկացումներից խուսափել պարզապես հնարավոր չէ։ Այս ընթացքում ԿԲ-ն փորձ արեց մեկ-երկու օրով զսպել փոխարժեքի բարձրացումը, ինչը տեսանք, որ չստացվեց։ ԿԲ վստահեցումները պետք է համեմատել առկա վիճակի հետ։ Ինչևէ ունենք մի վիճակ, որ դրամի արժեզրկումն իր բացասական ազդեցությունն է ունենալու ՀՀ սոցիալ տնտեսական վիճակի վրա, դրանք դառնում են անչափելի։ ՀՀ-ում առաջացել է արտարժույթի պահանջարկ, էականորեն նվազել են արտերկրից փոխանցվող տրանսֆերտները, մարդիկ գերադասում են իրենց խնայողությունները պահել դոլարով, որոշ դեպքերում առկա են ավանդների հանում բանկերից։ ՀՀ ֆինանսական համակարգը կանգնած է անկայունացման վտանգի առաջ։ Բարդություն է առաջանում արտարժույթով վարկեր ունեցող քաղաքացիների համար, իսկ բանկերը հեջավորում գրեթե չեն անում։– Գնաճն արդեն իսկ ակնհայտ է, գնաճի ի՞նչ տեմպերի կբերի դոլարի արժևորումը-դրամի արժեզրկումը, հայտնի է, որ մենք ապրանքներ 3 անգամ ավելի շատ ենք ներկրում, քան արտահանում ու ներկրման դեպքում դրսից դոլարով են գնում, եթե դոլարը թանկանում է, ապա ինքնաբերաբար այդ ապրանքի գինն էլ կբարձրանա, գնաճի ի՞նչ տեմպեր կլինեն, արդյոք սպասել ավելիի:-Գնաճն անխուսափելիորեն կբերի մեր քաղաքացիների սոցիալական վիճակի վատթարացման։ Դոլարի փոխարժեքի բարձրացումն ուղղակի ազդեցություն ունի ներմուծվող ապրանքների գների վրա, այդ թվում առաջին սպառման անհրաժեշտության ապրանքների, ինչպիսիք են ալյուրը, կարագը, թռչնամիսը։ Տեղական արտադրության որոշ ապրանքներ նույնպես կթանկանան, քանի որ դոլարի փոխարժեքից է կախված ներմուծվող բնական գազը։ Այսինքն՝ արտարժույթի փոխարժեքի ավելացումը կունենա նաև մուլտիպլիկատիվ էֆեկտ և իր բացասական ազդեցությունը կթողնի ՀՀ տնտեսության վրա։ Գների բարձրացումը բերելու է աղքատության ցուցանիշի ավելացման։ Կարծում եմ՝ պետք է սպասել գնաճի ավելի մեծ տեմպերի մի քանի պատճառներով՝ նախ այս իշխանությունները չեն վերահսկում ոչինչ, չեն տիրապետում որևէ ոլորտի կարգավորման, իսկ անցնող 2,5 տարվա ընթացքում չեն ստեղծել որևէ նախադրյալ, որով հնարավոր կլինի տնտեսությունն ամուր հիմքերի վրա դնել, չեն կատարվել ներդրումներ, պոպուլիզմն ու ոչ պրոֆեսիոնալիզմը իրենց հետ բերել են սխալ լուծումներ, ինչպես օրինակ՝ համահարթ հարկման համակարգն է։ Պետությունը ապաինստիտուցիոնալացված է և կարիք ունի նոր համակարգերի մշակման և ներդրման, ինչն անել այս Կառավարությունն այլևս անկարող է։-Այս ամենի ֆոնին ունենք, Արցախի տարածքների կորուստ, դա ինչպե՞ս կազդի հետագայում տնտեսության վրա, քանի որ բավականին ցանքատարածություններ, արոտավայրեր ենք կորցրել, տնտեսական առումով ի՞նչ կորուստ ունենք, Արցախի 36 ՀԷԿ-ից 30-ը մնացել է Ադրբեջանի վերահսկողության տակ, չհաշված այն տարածքները, որտեղ գյուղատնտեսությունը զարգանում էր:– Արցախի տարածքային կորուստներն ահռելի մեծ քանակությամբ վնաս են հասցրել երկրի տնտեսությանը։ Քաշաթաղի և Քարվաճառի շրջանները հայտնի են իր հարուստ ջրային ռեսուրսներով, ինչն ապահովում էր ՀԷԿ-երի անխափան աշխատանքն ու ապահովում էներգետիկ անվտանգության հարցը։ Շատ կարևոր է հանքարդյունահանման ոլորտի անխափան աշխատանքը, այն հանքերի, որոնք մնացել են Արցախի տիրապետության տակ։ Կորցրել ենք բազմաթիվ մետաղական և ոչ մետաղական հանքեր, որոնք ապահովում էին աշխատատեղեր, գեներացնում էին հարկեր։ Այսինքն՝ ՀՆԱ-ի առյուծի բաժինն ապահովում էր հանքարդյունահանման ոլորտը։ Պարենային անվտանգության տեսանկյունից շատ կարևոր էին հարավային ավելի հարթավայրային ցանքատարածքները, որոնց կորուստն անդառնալի հետևանք կթողնի։ Պատերազմի հետևանքով շուրջ 50 հազար հեկտար ցորենի արտեր է անցել թշնամու տիրապետության տակ, որն ապահովում էր ավելի քան 550 հազար տոննա ցորեն։ Առհասարակ կորցրել ենք մոտավորապես 95 հազար ցանքատարածք։ Հիմա կորստի հետ մեկտեղվել են նաև նոր սոցիալական խնդիրներ, որի հետևանքների գնահատման և վերացման համար պետք է մեծ նյութական ռեսուրսներ։-Կա նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների բնակիչների վարկերի հարցը, բանկերը մի քանի հազար մարդու վարկ են տվել, այդ մարդիկ տներից զրկվել են իրենց վարկերի հարցն ինչպե՞ս է լինելու, արդյո՞ք սա մեծ վնաս չի տա հայկական բանկային համակարգին, հայկական 7 բանկեր Արցախում աշխատում էին, այդ բանկերի վիճակն ի՞նչ պետք է լինի:-Միանշանակ պետք է զրոյացվեն այդ վարկերը, սա բանկ-հաճախորդ պայմանագրային հարաբերություններում ֆորս-մաժոր է։ Բանկերին պետք է թույլատրվեն վնասներն ու չստացված եկամուտները ծախսագրել և հանել շահութահարկից։ Այստեղ պետությունն անելիք ունի, ֆինանսական բեռը պետք է բաշխել ժամանակաշրջանների մեջ։ Անհրաժեշտ են կազմել գրաֆիկներ, չափել վնասները, բայց ոչ մի դեպքում չի կարելի պատերազմի հետևանքով իր ունեցվածքը կորցրած մարդուն թողնել պայմանագրային պարտավորությունների ծանրության տակ, այլ հակառակը, պետք է օգնել, ձեռք մեկնել և ոտքի կանգնեցնել մեր հայրենակիցներին։ Սա ևս այն պատճառներից է, որով հիմնավորված պետք է կատարել երկրում քաղաքական փոփոխություններ և լուծումները տրվեն պատերազմի հետևանքների վերացման գլխագրի ներքո։ Հիմա ընդդիմադիր դաշտում գործում է իրավական ակտերի բազայավորման և համակարգերի ստեղծման համար հանձնախումբ, որը միտված է ստեղծել իրավական կարգավորումներ ներառելով նաև պատերազմի հետևանքների վերացման խնդիրները։ Առաջիկայում սպասվող իշխանափոխությունն իր հետ բերելու է նոր որակի լուծումներ։– Սկզբում համավարակ, հետո պատերազմ, կան կուտակված սոցիալ-տնտեսական բազմաթիվ խնդիրներ, որոնց մասին Դուք էլ խոսեցիք, այդ խնդիրները լուծելու համար Կառավարությունն ի՞նչ կարող է անել, էլի արտաքին պարտքի մեծացման է գնում, 37 մլն դոլար նոր վարկ է վերցրել, ինչքա՞ն տեղ ունենք վարկ վերցնելու, արդյո՞ք կա վարկ վերցնելու այլընտրանք: Կարծես պարտքի 8 մլրդի շեմն ենք անցնում արդեն:– Այս կառավարությունն այլևս ոչինչ անել չի կարող։ Այս կառավարությունը ձախողել է ամեն ինչ, իշխանափոխությունից հետո չկան այնպիսի ոլորտներ որտեղ տրվել են ամբողջական լուծումներ։ Այս կառավարությունը միմիայն վնաս է տվել, քայքայել է տնտեսությունը, ձախողել է համավարակի դեմ պայքարը, լուրջ հարվածներ է հասցրել պետության իրավական համակարգին, հարվածներ են հասցվել կրթությանը, մշակույթին, գիտության, առողջապահությանը, գնացել է հետադիմական լիբերալ ճանապարհով և վերջում կորցրել Արցախի մեծ մասը, վտանգել մեր երկու պետության անվտանգությանը, հողին են հավասարեցրել ազգային արժանապատվությունը։ Համավարակին և պատերազմին զոհ են գնացել հազարավոր մեր քաղաքացիները, կան բազմաթիվ հաշմանդամներ, գերեվարված և անհետ կորած մեր եղբայրները։ Այսքանից հետո այս վարչապետի պաշտոնավարումը ռազմական և քաղաքական առումով նոնսենս է։ Հետևաբար՝ անթույլատրելի է, որ այս իշխանությունները մեզ բոլորիս ծանրաբեռնեն լրացուցիչ պարտքերով։ Շատ կարևոր է գնահատել թե ի՞նչ ենք թողում հաջորդ սերունդներին։ Հաջորդ սերունդներին, որպես մնայուն ռեսուրս պետք է թողել հող և քիչ պարտքեր՝ այդ հողի վրա արժանապատիվ ապրելու համար։ Ցանկացած կառավարության գնահատականը պետք է չափել այս երկու բաղադրիչով, ի՞նչ չափի հայրենիք ենք թողում և որքան պարտքեր։ Երբ ժառանգություն ես թողում ավելի մեծ պարտքեր և կորցրած հայրենիք, այլևս բարոյական իրավունք չունես շարունակելու պաշտոնավարել։