Անհրաժեշտ համագործակցություն

112

ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը տեղակալների ուղեկցությամբ այցելել է Ասկերանի շրջանի Իվանյան համայնք, որտեղ տեղակայված են Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների, քաղաքացիական պաշտպանության և աղետների հետևանքների վերացման նախարարության անձնակազմը:

Կարեն Սարգսյանին դիմավորել է ՌԴ ԱԻՆ փրկարարական կազմավորումների դեպարտամենտի տնօրեն գեներալ-լեյտենանտ Իգոր Կուտրովսկին:

Հետպատերազմյան Արցախում այժմ հիմնական ջանքերն ուղղված են սակրավորական աշխատանքների վրա: Ի.Կուտրովսկին արցախցի գործընկերներին է ներկայացրել ռուսական արտադրության գերժամանակակից հատուկ ավտոմեքենան, որը հագեցած է ինժեներասակրավորական սարքավորումներով:

Արցախի տարածքը որտեղ ռազմագործողություններ են տեղի ունեցել, հնարավոր վտանգից մաքրվում և ավելի անվտանգ է դառնում հատուկ հեռակառավարվող ռոբոտների և սարքավորումների միջոցով:

ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանն իր երախտագիտությունն է հայտնել ռուս գործընկերներին, նշել, որ Արցախի ու արցախցիների համար անգնահատելի է ՌԴ ԱԻՆ հումանիտար գործունեությունը: լ

Իգոր Կուտրովսկին խոսել է արտակարգ իրավիճակներում առաջիկայում սպասվող ավելի ընդլայնված համագործակցության մասին:

Նշենք, որ գործընկեր կառույցների միջև համագործակցությունը սկսվել է նոյեմբերից՝ հաստատված զինանդադարից անմիջապես հետո: Ռուս գործընկերները ևս ընդգրկվել են փրկարարական աշխատանքներում: