Hetq.am. Արցախի 36 հէկ-երից 30-ն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ

246

Hetq.am-ը գրում է.

«2020թ. պատերազմի հետևանքով Արցախում էներգետիկ ենթակառուցվածքները ահռելի վնասներ են կրել։ Պատերազմի դադարից հետո սկսվեցին էլեկտամատակարարման վերականգնման և վերակառուցման աշխատանքները։

Արցախի Հանրապետության (ԱՀ) էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Արմեն Թովմասյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ մինչ օրս պատերազմի հետևանքով էլեկտրամատակարարմանը հասցված վնասի ամբողջական գնահատում չի կատարվել, նաև դեռևս պարզ չէ, թե որքան գումար է անհրաժեշտ լինելու վերականգնման աշխատանքների համար։

Նախարարության էներգետիկայի բաժնի պետի պաշտոնակատար Լևոն Գաբրիելյանն էլ «Հետքին» պատմեց վթարավերականգնման և էլեկտրամատակարարման ապահովման աշխատանքների մասին։

Նրա խոսքով՝ դեռևս էլեկտարամատակարարման վերականգնման աշխատանքները շարունակվում են, բացի այդ կառուցվում և վերազինվում են նոր ենթակայաններ՝ ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար։

«Արցախում 36 հէկ ունեինք, այս պահի դրությամբ մեր ենթակայության տակ 6 հէկ է մնացել։ Ամբողջ հզորությամբ դրանք չեն կարող աշխատել, քանի որ ձմեռ է, սակավաջրություն։ Մեծը Սարսանգ հէկն է, մյուս հինգը փոքր հէկեր են»,-նշեց նա։

Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը էլեկտրամատակարարման ապահովման համար առաջնային կարիք է համարում օդային գծերի ու ենթակայանների վերանորոգման, տեղափոխման աշխատանքները։

Մայրաքաղաք Ստեփանակերտում էլեկտրամատակարարումը գրեթե ամբողջովին վերականգնվել է։ Հիմնական խնդիրը մնում է Մարտունիի որոշ գյուղերը.

«Տեղեր կային, որտեղ օդային գիծը Շուշիով էր անցնում։ Այն այժմ չկա։ Հիմա նոր գիծ է կառուցվում, պետք է տեղ հասցվի, որ ամբողջությամբ էլեկտրամատակարարումը հերիքի»,- ասաց Լևոն Գաբրիելյանը։

Մինչև պատերազմը՝ Հայաստանն Արցախին կապող երկու էլեկտրահաղորդման գիծ կար` 110 ԿՎ լարմամբ։ Այդ երկու գծերն ու դրանց տրանսֆորմատորային ենթակայանները գտնվում են Շահումյանի և Քաշաթաղի շրջաններում։ Լևոն Գաբրիելյանի խոսքով՝ Շահումյանի շրջանի էլեկտրահաղորդման գիծը մնաց Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ Քաշաթաղի շրջանի գիծը միջանցքային ճանապարհով է անցնելու։ Այն գրեթե վերանորոգված է, որով արդեն Հայաստանից էլեկտրաէներգիա կներմուծվի Արցախ»։