Փաշինյանը պե՞տք է գնա

193

Փաշինյանը պե՞տք է գնա

Այսօր շատերի մոտ հարց է առաջանում. ինչու՞ են ոմանք պահանջում Փաշինյանի հրաժարականը կամ ի՞նչ կփոխվի նրա հեռանալով։ Այս հարցերը երբեմն ծնվում են բնական չիմացությունից, երբեմն՝ ֆինանսական շահագրգռվածությունից դրդված։
Առաջին և ամենաբնական պատասխանը, որ գալիս է մարդու մտքին, այն է, որ կապիտուլացիա ստորագրած ղեկավարը պարզապես չի կարող շարունակել պաշտոնավարումը։ Սա ոչ միայն ազգային արժանապատվության հարց է, այլև՝ ռացիոնալ մտածողության։ Հակառակում համոզողներին խնդրե՛ք մեկ վայրկիան պատկերացնել, օրինակ, Ադոլֆ Հիտլերին՝ Բեռլինի գրավումից ու կապիտուլացիայի ստորագրումից հետո, Գերմանիայի պետական հեռուստատեսության եթերում գերմանացի գեներալներին ու ժողովրդին պարտության մեջ մեղադրելիս։
Պատկերացրի՞ք։ Կարծում եմ՝ դժվար է։
Դժվար է, որովհետև կապիտուլացիոն պայմանագիրը վատագույնն է, որին հնարավոր է հասցնել երկիրը ու չունի նշանակություն՝ երկիրը դրան քանի՞ տարվա ընթացքում է հասել։ Եթե նույնիսկ մի պահ ենթադրենք, որ Փաշինյանը մեղավոր չէր, մի պահ մոռացության տանք նրա սխալները՝ հասարակությանը սևուսպիտակի բաժանելը, դիվանագիտական հարթակում ձախողումներ ունենալը, բանակը ընտանեկան բիզնեսի վերածելը, լեգենդար հրամանատարներին մերժելն ու գործողություններից մեկուսացնելը, 2017-ին կնքված զենքի մատակարարման պայմանագրերը չեղարկելը (դրանք բազմաթիվ են), միայն այս պայմանագիրը ստորագրելը բավարար է նրա հեռացման համար։
Երկրորդ կարևոր հարցը, որ տրվում ու մանիպուլացվում՝ հետևյալն է. Ի՞նչ է լինելու հետո, ի՞նչ պիտի անի նոր կառավարությունը, որ չի կարող անել Փաշինյանը։
Սկզբում անդրադառնանք երկրորդ հարցին։ Նոր կառավարությունը պետք է բանակցի, լուծի ռազմագերիների հարցը, վերականգնի բանակը, փորձի կասեցնել տնտեսության վերջնական կործանումը։ Իշխանական և մերձիշխանական որոշ շրջանակներ փորձում են պատրանք ստեղծել, որ այս ամենն աթոռակռիվ է և ընդդիմությունը ձգտում է խլել և վայելել իշխանությունը։ Սա երիցս սուտ է։ 2021 թվականը անկախ Հայաստանի պատմության ամենածանր տարին է լինելու։ Սոցիալտնտեսական ճգնաժամ, բազմահազար գաղթականներ, սպառված բանակ, կաթվածահար առողջապահական համակարգ։ Այս ծանրությունը ուսերին վերցնելու համար ցանկացած գործիչ պետք է պատրաստ լինի քաղաքական ինքնասպանության, որովհետև ինչքան էլ նա հնարավորինս մեղմի եղածի հետևանքները՝ հասարակ ժողովրդի շրջանում հիշվելու է՝ որպես ղեկավար, ում օրոք կյանքը ամենածանրն է եղել։ Այս բոլոր խնդիրների լուծման համար պետք է լինել պրոֆեսիոնալ, հոգեպես հավասարակշռված, ընդունված քաղաքական ուժերի կամ գոնե դրանց մեծամասնության կողմից։ Փաշինյանը սպառել է այս ամենն իրականացնելու ռեսուրսը։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ պատասխանխե՛ք ինքներդ. Փաշինյանը պե՞տք է գնա։ Պատասխանեք, փորձե՛ք նպաստել ձեր անձնական որոշման իրականացմանը, ամուր ձգեք գոտիներն ու պատրաստվեք դիմավորել մեր պատմության ամենածանր տարին։ Համբերություն բոլորիս։