Ո՞վ էր այս մարդը, որ եկավ խառնեց այս ամենը

408
Մենք այժմ և՛ ունենք իշխանություն, և՛ միաժամանակ չունենք: Այսինքն՝ ունենք, բայց չգործող, ինչպես օրինակ բահ՝ առանց կոթի: Մեր երկրում հիմա հարցերի տարափ է, որից գոյացել են ցուցամատների ամբոխներ, կոչնակների ժխորներ, մեղադրանքներ, ու էլի հարցեր՝ անպատասխան հարցեր: Տպավորություն է, որ այս բարձիթողի, հոխորտանքի ասպարեզ դարձած «դեմոկրատիան» դիտավորյալ է՝ թեքվելու համար պատասխանի բացակայությունից:  Հարցնում են անհետ կորածներից՝ նրանք զբաղվում են, հարցնում են ռազմագերիներից՝ նրանք զբաղվում են, զոհերից՝ զբաղվում են, հարցնում են չճշգրտված քարտեզից՝ դարձյալ նրանք զբաղվում են: Հետզհետե հեռանում են պաշտոնյաներ, որոնք անկարող են պատասխանել հարցերից որևէ մեկին, իսկ մարդիկ ցուցամատները թեքելով չգիտես թե որ ուղղությամբ՝ մնում են անպատասխան: Ո՞վ է այն վերադասը, որ պետք է պատասխանի: Ո՞վ: Երկրի ներսում աղավաղված են գործում գրեթե բոլոր ենթակառուցվածքները, ճարահատյալ քաղաքականացվել են բակային շներն անգամ... 
Հայը կորցրել է որպես մարդկային տեսակ՝ իր անձնական կյանքով ապրելու «իրավունքը»: Հարցնում եմ. Սա՞ էր երազանքի ազատ ապրելակերպը: Սրա՞ն էինք ձգտում ազգովի: Այս, իբրև թե ազատ հոխորտալու իրավունքի, ժողովրդավարական կեղծ «հյուրասիրության» դիմաց էտվեց մեր հայրենիքի փարթամ ճյուղը, երիտասարդության մի ամբողջ բույլ, որոնց անունները խաչի պես կկրենք ցմահ: Ո՞վ էր այս մարդը, որ եկավ ու խառնեց ամենը: Փաստացի նա եկավ ու դիվանագիտական իր «նոր փուլի», հրահրումների, տապալումների արդյունքում խեղվեց մի ամբողջ երկիր, մի ամբողջ հանրություն: Որպես հավելում՝ այս մարդն ասում է, թե սխալվել են իրենից առաջ, թե ինքն անմեղ է, թե եկել է ու փորձել սկսել նոր էջից՝ արդեն իսկ տապալված դիվանագիտությանը շունչ տալով: Ասում եմ՝ տապալված էր, թե՝ ոչ այսպիսին չէր: Եվ, վերջապես, ամեն եկող ժառանգելուց բացի չպիտի փորձի իր ճաշակին հարմարեցնել եղածը: Ինչպես օրինակ ամեն եկող վեհափառ իր քիմքին չի հարմարեցնում սրբազան մյուռոնը:
Եվ ահա մեծանում է սպառնալիքը, նորանոր վտանգների հասունացումը, տագնապը, իսկ այս մարդը դեռ մեղավորներ է փնտրում ու կամակոր մանկան պես փնթփնթում, այն ինչ դու ես մեղավոր, դու՛ և միայն դու՛: Հասկացիր վերջապես:  Իսկ քեզ ի՞նչ էր թվում՝ իշխանությունը փոթորկից ապահովված ծո՞վ էր, որ շտապում էիր մակույկդ նետվել: Ո՛չ: