Ներքին Ճարտարի 400 բնակիչ մնաց անտուն ու առանց աշխատանքի

341

Մարտունու շրջանի Ճարտար քաղաքային համայնքի Ներքին Ճարտարն այլևս Արցախ չէ։

«Ճարտարը մի թաղամաս ունի, կոչվում է Ներքին Ճարտար։ Մենակ դա է  անցել թուրքերի տիրապետության տակ, մնացածը՝ հիմնական Ճարտար,  թուրքը չի մտել»,- այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Ճարտարի գյուղապետ Վլադիկ Հովհաննիսյանը։

Գյուղապետը վստահեցնում է՝ բնակիչները վախեցած չեն, պարզապես ինչքան վարելահող, այգիներ ունեին, թուրքին է անցել։ Հենց այդ հողն էր ճարտարցու միակ աշխատատեղը. «Մեր հիմնական գյուղից 8 կմ հեռու է Ներքին Ճարտարը։ 400 բնակիչ կար Ներքին Ճարտարում։ Մեկ էլ էդ տարածքում 400 հա այգի ունեինք, որ Ճարտարի բնակչության հիմնական աշխատատեղն է ու 1500 հա հող, երևի շատ։ Վերջնական սահմանը դրված չի, բայց այդքան էլ վարելահող է անցել, որ չենք կարող այնտեղ աշխատել, այդքան մշակած վարելահող»։

Ադրբեջանցիներին ճարտարցիները չեն տեսնում, չեն շփվում՝ իրենց բաժանող մինչև 4կմ հատված կա։

«Թուրքերը Ներքին Ճարտարից դեպի Ճարտար արանքում ՝ 3-4 կմ վերև են էլի, այնտեղ ընդհանրապես չենք կարողանում գնալ, չգիտենք անգամ ի՞նչ է կատարվում»։

Ճարտարցիները գյուղապետի գլխավորությամբ կորցրել են իրենց հարստությունը՝ բերրի հողն ու աշխատանքը։ Ինչո՞վ են զբաղվելու՝ դեռ պարզ չէ, կորցրածն էլ հետ բերել՝ թեկուզ փոխհատուցման տեսքով, հույս չունեն։

«Հլը պարզ չի ինչով ենք զբաղվելու։ Բնակչությունը հիմնականում վերադարձել է, բայց հլը պարզ չի, ով է փոխհատուցելու, շատ մեծ գումարներ է, էդքան ոչ մեկ չի տա։ Մեր պետությունը էդ հնարավորությունը չունի երևի»,- ասել է Հովհաննիսյանը։

Ճարտարում բնակվել է 4400 բնակիչ, 400-ը ստիպված է տեղահանվել՝ բնակավայրը մնացել է Ադրբեջանին։
«4000 բնակիչ են, գրեթե բոլորը եկել են, կարողա մի 100 բնակիչ եկած չլինի, դրանից բացի 63-ն էլ այլ գրավյալ տարածքներից ՝ Հադրութից, Շուշիից այլ գյուղերից են եկել, վերաբնակեցվել»։