Կապիտուլյացիայից մինչև պարենային անվտանգության խնդիրներ և հացի թանկացում

198

Հեղինակ` Նարե Գևորգյան

Նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված «կապիտուլյացիայի» համաձայնագրից հետո ՀՀ-ն կանգնելու է պարենային անվտանգության լուրջ խնդրի առջև՝ հատկապես հացահատիկային մշակաբույսերի հետ կապված։ Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը։

Նրա խոսքով, ՀՀ-ն տարեկան արտադրում է մոտ 200 հազար տոննա և ներկրում՝ մոտ 250 հազար տոննա հացահատիկ. այսինքն՝ տարեկան մոտ 450 հազար տոննա հացահատիկի պահանջարկ կա մեր երկրում։ Ըստ Արթուր Խաչատրյանի, նշված ծավալից շատ փոքր մասն օգտագործվում է օղու արտադրության վրա, բայց բացարձակ մեծամասնությունը պարենային նշանակություն ունի։

«Արցախի Հանրապետությունում 2017 և 2018 թվականների տվյալներով՝ արտադրվել է մոտ 135-150 հազար տոննա հացահատիկ, որից ավելի քան 100 հազար տոննան ներկրվել է Հայաստան։ Այսինքն՝ մենք այսուհետ 20-25%-ով ավելի հաց պետք է գնենք այլ երկրներից։ Նույնիսկ Ռուսաստանն է հացահատիկը մեզ դոլարով վաճառում։ Եվ եթե հաշվի առնենք նաև դոլարի այսօրվա արժևորումը, ապա պատկերացրեք՝ ինչ մեծ խնդիր ենք ունենալու։ Արդյունքում՝ լինելու է հացահատիկի, հացի թանկացում»,- ներկայացրեց գյուղատնտեսության նախկին նախարարը։

Մեր հարցին, թե արդյո՞ք Հայաստանում չկան խոպան հողեր, որոնք կարող են դառնալ հացահատիկի մշակման վայրեր, Արթուր Խաչատրյանը պատասխանեց՝ կան, և պետք է օգտագործվեն։

«ՀՀ-ում կան տարածքներ, որոնք, ցավոք սրտի, անջրդի են և հացահատիկից բացի այլ բան չի աճում։ Բայց Կառավարությունը որևէ քայլ չի անում այդ խոպան հողերն օգտագործելու ուղղությամբ, մինչդեռ նախկինում այդ հողերն օգտագործվում էին։ Ծրագիր ունեինք, որով սահմանամերձ շրջաններում մի հեկտար հացահատիկ մշակելու համար 60 հազար դրամ գումար էինք տալիս, և այդ թիրախային շրջաններում մոտ 50%-ով հացահատիկի մշակման տարածքներն ավելացել էին։

2019 թվականի համար ես առաջարկում էի 2 մլրդ դրամ նախատեսել՝ այդ ծրագիրն ամբողջ հանրապետությունում շարունակելու համար, բայց այս Կառավարության կողմից ոչ մի լումա չծախսվեց։ Գյուղատնտեսության պատասխանատուներն այդ գումարից ոչ մի լումա չծախսեցին։ Իսկ հացահատիկ ցանող գյուղացիներին ո՛չ սերմնացու տվեցին, ո՛չ պարարտանյութ և ո՛չ էլ վառելանյութ։ Այսինքն՝ ո՛չ տվեցին այն, ինչ ես էի առաջարկում՝ կանխիկ փող մի հեկտարի դիմաց, ո՛չ էլ այն, ինչ տրադիցիոն միշտ արվում էր։ Արդյունքում՝ մենք հացահատիկի արտադրության լուրջ խնդիր ունեցանք։ Հիմա ամեն ինչ էլ հնարավոր է անել, բայց սրանք ապիկար են ու անշնորհք»,- վստահեցրեց մեր զրուցակիցը։

Ըստ Արթուր Խաչատրյանի, շիզոֆրենիային սահմանակցող աբսուրդ է, որ մենք չունենք Գյուղատնտեսության նախարարություն։ Նրա խոսքով, նման բան աշխարհում չկա, որ էապես գյուղատնտեսական երկիրը չունենա Գյուղատնտեսության նախարարություն։

Մեր ճշտող հարցին, թե արդյո՞ք խոպան հողերի մշակման դեպքում Հայաստանը կկարողանա ամբողջապես ինքնաբավ դառնալ՝ հացահատիկային մշակաբույսերի առումով, Արթուր Խաչատրյանը պատասխանեց՝ ոչ։

«Որոշ տարածքներում իմաստ էլ չկա, քանի որ ավելի բարձրարժեք մշակաբույսեր կարելի է ցանել, օրինակ՝ կանաչ ոլոռ։ Իսկ հացահատիկի առումով ինքնաբավ դառնալու համար պետք է կրկնապատկենք ցանքատարածքները. այսօր ստանում ենք 200 հազար տոննա, բայց մեզ պետք է 450 հազար տոննա, իսկ դա ստանալն այս պահին ռեալ չէ։ Մեր վարելահողերի 40%-ից ավելին չի մշակվում, հիմա դա եթե ամբողջությամբ մտցվի հացահատիկի տակ, ինչը, նորից եմ կրկնում, արդյունավետ չէ, հացահատիկի բերքը կավելանա մոտ 100 հազար տոննայով։ Բայց սա էլ հնարավոր է անել, եթե այսօրվա Կառավարությունը խնդրին լուրջ վերաբերվի։  Բայց փաստը մնում է փաստ, որ այս Կառավարությունն ապիկար է, և ոչինչ չի կարողանում անել։ Այս պահին մեզ պետք է հզոր Գյուղատնտեսության նախարարություն, որը կկարողանա բարձրագույն ծառայություններ մատուցել մեր գյուղացիներին»,- շեշտեց Արթուր Խաչատրյանը։

Նկատենք, որ թեև մասնագետներն ահազանգում են պարենային անվտանգության խնդիրների մասին, Արցախի Գյուղատնտեսության նախարարությունից դժվարանում են ասել, թե բերքի ինչ կորուստ կարող է լինել՝ պայմանավորված նոր քարտեզագրումներով։

«Քարտեզագրումը դեռևս հստակ չէ, և անհասկանալի է, թե գյուղնշանակության հողերի քանի տոկոսն է մնում Ադրբեջանի վերահսկողության տակ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասացին Արցախի Գյուղատնտեսության նախարարությունից։

Գյուղատնտես Հարություն Մնացականյանին զարմացնում է ԱՀ գյուղնախարարության վերոնշյալ անտեղյակությունը։

«Ի՞նչ է նշանակում Արցախի գյուղնախարարությունից դժվարանում են պատասխանել, էդ ո՞նց է մենք գիտենք որտեղ,  ինչքան է անցել, իրենք չգիտե՞ն։ Արդեն հիմա մոտ 90% ճշտությամբ կարող են ասել ինչքան մշակովի հողատարածքներ և ինչքան ձեռնարկություններ են անցել։ Առնվազն երկու շատ խոշոր գինեգործական գործարաններ են անցել, «Կատարո»  ընկերությունը և մի շատ հզոր ընկերություն Մեծ Թաղերի շրջանում՝ իր 35֊40 հա տարածքով։ Այդ ընկերությունն այս տարի առաջին անգամ էր բերքահավաք արել և գինի ստացել։ Էլ չեմ խոսում Ջրականի,  Կովսականի ահռելի հողատարածքների մասին, որտեղ ձմերուկի և հացահատիկի հսկայական հողամասեր կային»,- մեզ հետ զրույցում ասաց Հարություն Մնացականյանը։

Նրա խոսքով,  մենք ունենք մոտ 200, 000 հա չօգտագործվող հողատարածություն, և այս իրավիճակը հաղթահարելու համար, պետք է  արագ ծրագրեր իրականացվեն, որպեսզի ոչ մի չօգտագործվող գյուղնշանակության հող ազատ չմնա, և ամենակարևորը՝ համապատասխան կառույցների միջոցով ճիշտ ցանքաշրջանառության և պարարտացման կազմակերպում իրականացվի, որպեսզի հողերի դեգրադացում ևս չլինի։

«ՀՀ-ում ցանկացած շրջանի չօգտագործվող հողում կարելի է հացահատիկ աճեցնել, բայց ըստ որոշակի պայմանների, պետք է հասկանալ՝ որտեղ է ավելի նպատակահարմար , որտեղ՝ ոչ, քանի որ հացահատիկի մշակումը ամենացածր շահութաբերությամբ ճյուղերից մեկն է գյուղատնտեսության ոլորտում։ Ես հակված եմ, որ հացահատիկ աճեցվի մեծամասամբ չոռոգվող հողատարածքներում»,- նշեց մեր զրուցակիցը։

Աղբյուր` Panorama.am