Գարեգին Երկրորդ կաթողիկոսն ու Պարգև Սրբազանը հանդիպել են

115

Դեկտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպել է արտերկրում բուժումից վերադարձած Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ:

Պարգև Սրբազանը Նորին Սրբությանը շնորհակալություն է հայտնել  հոգատարության և բուժման մեկնելու հայրական հորդորի համար, որի շնորհիվ անհապաղ բժշկական միջամտությամբ հնարավոր եղավ կանխել կյանքին սպառնացող վտանգը:

Հայոց Հովվապետը, ուրախություն հայտնելով Սրբազանի կազդուրման և վերադարձի առիթով, նկատել է, որ այս օրերին հավատացյալ ժողովուրդը լուրջ անհանգստություն  է դրսևորել նրա առողջական վիճակի առնչությամբ, ինչը վկայում է Պարգև Սրբազանի անձի հանդեպ մեծ հարգանքի և սիրո մասին։

Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Արցախի թեմի առաջնորդն անդրադարձել են  Արցախում տիրող իրավիճակին, Արցախի ժողովրդի կարիքներին ուղղված նախաձեռնվող ծրագրերին, ինչպես նաև թեմի հետագա գործունեությանը և սրբավայրերի խնամքին։