Արցախի Ճարտար քաղաքի մի մասը մնացել է թշնամուն․ 400 հեկտար այգի, մոտ 2000 հեկտար վարելահող ենք կորցրել, եթե աշխատատեղ չլինի, բնակիչները կարտագաղթեն․ քաղաքապետ

80

Արցախի Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի մի հատվածը՝ Ներքին Ճարտարը մնացել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ճարտարի քաղաքապետ Վլադիկ Հովհաննիսյանը՝ նշելով, թե պատերազմի դադարեցման հայտարարության համաձայն՝ զորքերը մնացել են այնտեղ, որտեղ կանգնած են եղել։


Նա նշեց, որ Ներքին Ճարտարում շենքեր են կառուցված եղել, որտեղ բնակվել են մոտ 400 հոգի՝ զինվորական ծառայողների ընտանիքներ, քաղաքից մոտ 8-10 կմ հեռու է եղել այդ հատվածը։

«Մեծ քաղաք է՝ մոտ 4400-4500 բնակիչ ունեցող, որից 400-ը Ներքին Ճարտարում էին ապրում։ Հիմա վերադարձել է բնակիչների մեծ մասը, բայց այս պահին ոչնչով չեն զբաղվում, ձմեռ է, բայց հող էլ չունեն, որ գարունը գա, գնան, մշակեն։ Հիմա քաղաքից 3-4 կմ են հեռու թշնամու զորքերը»,-ասաց նա՝ նշելով, որ այժմ քաղաքում անվտանգ է, քանի որ կրակոցներ չկան։

Քաղաքապետի խոսքով՝ պատերազմի ընթացքում բուն քաղաքի հատվածը մեծ վնասներ չի կրել, սակայն ամբողջ խնդիրն այն է, որ թշնամու տիրապետության տակ են մնացել բնակիչներին պատկանող հողատարածքներ, այգիներ, որոնք վերջիններիս եկամտի հիմնական աղբյուրն էին։

«Բուն քաղաքին քիչ վնաս է եղել, բայց ամենակարևորը՝ աշխատատեղերն ենք կորցրել՝ 400 հեկտար այգի, մոտ 2000 հեկտար վարելահող ենք կորցրել։ Այգիներում խաղող, նուռ ու այլ մրգեր էինք աճեցնում, դաշտերում էլ՝ հացահատիկ։ Այժմ ո՛չ աշխատատեղ ունենք, ո՛չ վարելահող»,-ասաց Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ այժմ քաղաքի բնակիչների մեծ մասը վերադարձել է Ճարտար, դեռևս անորոշ վիճակ է։ «Եթե աշխատատեղ չլինի, այդ մարդիկ ի՞նչ պետք է անեն, հնարավոր է՝ արտագաղթեն։ Եթե աշխատատեղ լինի, ինձ թվում է՝ մեծամասնությունը կմնա»,- ասաց Վլադիկ Հովհաննիսյանը։


Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ՌԴ և Ադրբեջանի նախագահների հետ ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը՝ բացառությամբ երկու գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Tert.am, Մարիամ ՍԱՐԳՍՅԱՆ