Ցավոք, այդ զոհերն ու վիրավորները չեղան արդյունք նրա, որպեսզի կարողանայինք մեր հայրենիքը պահել. Վահագն Վարագյան

379

Մեզ համար ավելի ծանր է եղել վերջին մեկ ամիսը, քանի որ 18 տարվա ընթացքում, երբ եղել եմ ԵՊՀ-ում, առանձնահատուկ պարծանքով եմ անցել այս հուշաքարի կողքով, որը տեղադրվել է Արցախյան առաջին պատերազմի զոհերի հիշատակին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ԵՊՀ-ի դիմաց մոմավառության արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը:«Մենք տարիներ շարունակ սերունդներ ենք դաստիարակել իրենց հայրենիքի զոհողության եւ նվիրվածության դսեւորումներով։ Այս վերջին մեկ ամսվա ընթացքում բոլորս գլխիկոր ենք, քանի որ այս պարտադրված պատերազմում մենք ունեցանք տարածքների կորուստներ, այդքան մարդկային կորուստներ, ըստ էության, մենք դավաճնվեցինք։ Ես զարմանում եմ, թե ինչպես կարող են իշխանական այն ներկայացուցիչները, որոնք հենց այս խաչքարի կողքով են անցել, այսուհետեւ քայլել այստեղով եւ ինչ պատասխան ունեն տալու մեր հերոսներին, որոնք ազատագրել էին այդ հայրենիքը»,- ասաց Վարագյանը։Նա նշեց, որ ԵՊՀ-ում 30-ից ավելի զոհված ուսանողներ եւ դասախոսներ ունեն, ինչպես նաեւ մեծ քանակությամբ վիրավորներ. «Ցավոք, այդ զոհերն ու վիրավորները չեղան արդյունք նրա, որպեսզի մենք կարողանայինք մեր հայրենիքը պահել»։

Yerkir.am