Նիկոլի հերթական անբարո արարքը. ներկել են ՀՅԴ «Գարեգին Նժդեհ» կոմիտեի գրասենյակի պատը

118

Անցած գիշերը Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում գտնվող՝ ՀՅԴ «Գարեգին Նժդեհ» կոմիտեության գրասենյակի պատերին անհայտ անձինք կատարել են վիրավորական գրառումներ՝ «Թուրքիայի դեսպանատուն», «Թուրք դեսպան» և այլն:

ՀՅԴ «Գարեգին Նժդեհ» կոմիտեի ներկայացուցիչ Արմեն Վարդանյանը Yerkir.am-ի հետ զրույցում տեղի ունեցածը համարեց իշխանությունների հերթական ճղճիմ և անբարոյական քայլը:

«Այս լակոտությունները խոսում են մի բանի մասին՝ այս իշխանությունները որևէ ընդհանրություն չունեն բարոյականության հետ, նրանց նավն արագորեն խորտակվում է, և նման ճղճիմ մեթոդներն այլևս անզոր են փրկել նրանց: Իրականում թուրքական դեսպանատունը Նիկոլ Փաշինյանի կաբինետն է հենց, որտեղ սպասարկվում են հենց թուրք-ադրբեջանական շահերը: Դա արդեն բոլորին պարզ է: Նա, ինչպես բոլոր դեպքերում, փորձում է իր գործողությունները վերագրել ուրիշներին»,- նշեց Արմեն Վարդանյանը:

Այդ գրասենյակից 2016 թ. ապրիլին ու 2020 թ. սեպտեմբերին բազմաթիվ հայորդիներ են կամավորագրվել և մեկնել Արցախ, նրանցից ոմանք զոհվել են՝ փառքով պսակելով իրենց անունը: Այնտեղ նրանց հիշատակն է ամփոփված, զոհված ընկերների լուսանկարները, նրանց մասին գրքերն ու խնկարկման անկյունները:

Արմեն Վարդանյանը նաև վշտացած է, նա չի զարմանում հայ ազգային արժեքների հետ որևէ աղերս չունեցող ներկայիս իշխանությունների՝ այս անբարոյական քայլերից, քանի որ վերջին իրադարձություններն այլևս կասկած չեն հարուցում՝ նրանք դավաճանել են հայ ժողովրդին և ժամ առաջ հեռանալու են: Արմեն Վարդանյանին առավել շատ մտահոգում են Նիկոլի իշխանության կողմից սերմանված չարությունն ու ազգային արժեքների հանդեպ ծայրահեղ թշնամական  մոտեցումները:

«Նիկոլի շուտափույթ հեռացումով պետք է նաև այս մթնոլորտը վերացնել, նրանից մենք ժառանգություն ենք ստացել ոչ միայն հանձնված Արցախն ու ՀՀ-ի անտեր վիճակը, այլև հասարակության շրջանում գեներացված ատելությունը, որը ոչ պակաս չարիք է մեզ համար»,- եզրափակեց Արմեն Վարդանյանը: 

Yerkir.am