Մարդիկ դուրս են գալիս ու հայտնվում ռազմագերու կարգավիճակում, որովհետև սահման չկա, պետությունը անգործության է մատնված. Պրոֆեսոր Էդիկ Մինասյան

157

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը ևս համալսարանի բակում էր՝ մոմավառությամբ հարգելու նահատակված զինվորների հիշատակը։ Նշեց, որ ութ զոհ ունեն պատմության ֆակուլտետից և հավելեց, որ այս շրջանի պատմությունն ինքն է գրում։

«Ցավում եմ, ցավալի իրողություն է, 1994-ին խաչքարի բացմանը ես ներկա եմ եղել։ Մեր երիտասարդները կյանքեր տվեցին, նրանք հերոսաբար են կռվել, ականատեսները պատմել են նրանց հերոսությունները։ Նրանք փայլուն կատարեցին իրենց պարտքը հայրենիքին՝ այսօրվա սերնդին մի շատ մեծ խորհուրդ թողեցին, խորհուրդ, որ միայն պայքարով կարելի է հասնել հաղթանակի»։

Նշեց, որ ժամանակավոր է պարտությունը, կորցրած դրախտային հողերը հետ կբերվեն, բայց երիտասարդների մահը անդառնալի է։

«90-ականներին հաղթող էինք, այսօր պարտվող, բայց տղաների արածը անպայմանորեն կգնահատվի, կմտնի պատմության դասագրքերում, ես խոստանում եմ»,- ասաց պրոֆեսորը, հավելելով, որ հասարակությունը թևաթափ է այսքան կորուստներից հետո, այսօր էլ սահմանային հատվածներում անորոշություններ կան, գյուղացիներն իրենք են պաշտպանում հողը։

«Իշխանության գործը խեղճ գյուղացիների վրա է, նույնիսկ սահմանները որոշված չեն։ Մարդիկ շատ դեպքերում դուրս են գալիս ու հայտնվում ռազմագերու կարգավիճակում, որովհետև սահման չկա, պետությունը հիմա անգործության է մատնված»։

Հաջողություն կունենանք, եթե նոր իշխանություն լինի, համակարգը ամրապնդվի և բանակցությունները շարունակվեն։

Փաստինֆո