Եվ ուրեմն ի՜նչ՝ խաբեցի՞ք նորից…

336

Եվ ուրեմն ի՜նչ՝ խաբեցի՞ք նորից,
Ասիք՝ ծնվել ենք նույն հոր ու մորից,
Ասիք՝ էությամբ, բնույթով նույնն ենք,
Հարազատներ ենք, եղբայր ու քույր ենք։

Եվ ուրեմն ի՜նչ՝ խաբեցի՞ք նորից,
Ասիք՝ թխված ենք մենք նույն խմորից,
Իսկ այսօր արդեն նայում եք վերից,
Իմ ու քո անում՝ կառչում եք ձերից։

Բա ասում էիք՝ նման ենք, նույնն ենք,
Նույն ատաղձը, նույն տեսակն ու գույնն ենք,
Այդ ի՞նչ փոխվեց, որ հեռու ենք նորից,
Չի լինում ջոկել էլ թացը չորից։

Ափսո՜ս, որ խելքս դրի ձեր խելքին,
Չնայեցի իմ տարիքին, հևքին,
Ուսս դեմ տվի, ասի՝ բարձրացե՜ք,
Ոտքի տակ տվեք, միայն թե անցե՜ք։

Դասեր չեմ առնում իմ սխալներից,
Ոգեշնչվում եմ մի չնչին բանից,
Էլի՜ դուրս չեկանք խղճուկ այս հորից,
Խաբեցի՜ք կրկին, խաբվեցի՜նք նորից։

Ռուզաննա Բոշյան 18.07.2019