10 հոգով կանգնել էին դեմս, ասում՝ պառկի․ Մարտունիում ադրբեջանցիները հրաժարվել են վերադարձնել իրենց տարածք մտած հոտը

186

Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի բնակիչների՝ շուրջ 5 տասնյակ անասունները օրեր առաջ անցել են սահմանը եւ ադրբեջանցիները հրաժարվել են վերադարձնել հոտը։

«18-ը իմ անասուններին էին, 34-ը՝ իմ ընկերոջինը։ Տանը նստել էի, կովերը պահողը զանգեց, ասեց՝ անցել են Ադրբեջանի կողմը, 4 հոգով ավտոմատներով վերցրին, տարան։ Ես միանգամից նստեցի ավտոն, գնացի դեմները կանգնեցի, ուզում էի հետները մարդավարի զրուցել։ Բայց 20 մետր ինձնից հեռու, 10 հոգով կանգնել էին դեմս, ասում եմ՝ եկեք զրուցենք, չեն գալիս, քֆուրներ են տալիս, ասում՝ պառկի, հա պառկի, ասել եմ՝ չեմ պառկի»,- պատմեց բերդաշենցի Նարեկ Մարգարյանը։

Դրանից հետո Նարեկը դիմել է խաղաղապահներին, որպեսզի օգնեն բանակցի, սակայն անարդյունք։

«Ամբողջ խնդիրն էն ա, որ մեր կողմից ոչ մեկ չկա, որ գա, կանգնի անվտանգությունը ապահովի, բանակցես հետները։ Ժողովրդին թողել են իրենց հույսին։ Հիմա որ վաղը գան, ինձ էլ տանեն, մարդ չկա, որ ասի՝ ուր եք տանում»,- ասաց բերդաշենցի տղամարդը՝ նշելով, որ գյուղի կողմից սահմանապահներ չկան կանգնած, ադրբեջանցիները սահմանազատող սյուներ են տեղադրել այդ հատվածում։

Նարեկի անասուններից 15-ն էլ սատկել էին հրետակոծության հետեւանքով։ Դրանք բերդաշենցի տղամարդու ապրուստի հիմնական միջոցն էին։   

«Ես ու եղբայրս միասին ֆերմա ունենք, մեր հիմնական եկամտի աղբյուրն էդ ա։ Կաթ էլ էինք հանձնում»,- նշեց նա։

Ադրբեջանական սահմանը Բերդաշենից մոտ 8 կմ է հեռու, իսկ արոտավայրերն անմիջապես սահմանին են։