Եթե Փաշինյանը ժողովրդի թեկնածուն լիներ…

454

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրոշակ է դարձրել «ժողովրդի թեկնածու» լինելու բառակապակցությունն ու երբ «նեղն» է ընկնում, ծածանում է այն, թե ես ժողովրդի ընտրյալ թեկնածուն եմ։
Բայց այդպես առավելագույնը երկու տարի առաջ էր։ Երևի վարչապետի մոտ ժամանակը կանգ է առել կամ իր համար ցավոտ կորուստներ չեն եղել՝ իր իշխանության գալու օրից մինչև այսօր։
Այո՛, իրավացի է Փաշինյանը։ Նա ժողովրդի ընտրած թեկնածուն էր ։ Բայց դա 2018 թվականին էր, երբ մենք լավից թե վատից կրթական համակարգ ունեինք, երբ համալսարան ընդունվելու առաջին պարտադիր պայմանը մայրենի լեզվի քննությունն էր, երբ կարողանում էինք Շուշիի եկեղեցում մոմ վառել, երբ Արցախի հատվածում Արաքսի հովիտը մերն էր, և վերջապես մեր հայրենիքում մեզ ապահով էինք զգում ու գաղթելու պարտադրանքը և ցանկությունն այսքան մեծ չէր։

Փաշինյանը մի քանի անգամ ասել է, որ իշխանությունից կհրաժարվի այն ժամանակ, երբ ժողովուրդն այդպես կուզի։ Հիմա Երևանում, մարզերում, սահմանամերձ դարձած Սյունիքի գյուղերում էլ են պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Գրեթե ողջ հանրապետության տարածքում բողոքի ակցիաներ են իրականացվում, ճանապարհներ են փակվում՝ նույն պահանջով։
Ի դեպ, պահանջողներից շատերն են 2018-ին իրենց քվեն տվել նրան։
Այս դեպքում ինչու՞ Փաշինյանը հրաժարական չի տալիս։
Դե նորություն չէ, որ նա հասարակությունը բաժանել է սևերի ու սպիտակների։ Բայց ինչու՞ է ականջալուր լինում հենց «սպիտակների» հորդորներին։
Սպիտակներն ավելի հայրենասե՞ր են, թե՞ Փաշինյանը միայն սպիտակների վարչապետն է։ Այդ դեպքում՝ ինչի՞ համար էին սևերից շատերը պատերազմել Նիկոլ Փաշինյանի ղեկավարած պետության անկախության համար։
Իսկ եթե ուրիշ տարբերակ կա, հնարավոր է՝ վարչապետը եղունգներով կառչած է իր աթոռից ու ոչ մի կերպ չի ուզում հրաժարվել այդ փառքից։
Այ սա մտածելու տեղիք է տալիս։

Պարո՛ն Փաշինյան, Դուք հեռանալու ենք։ Դա կլինի վաղը, թե հինգ օրից, մեկ է, անխուսափելի է։
Դուք Ձեր հակահայ առաքելությունն արել եք արդեն։ Պատմության մեջ Դուք «վաստակել» եք Ձեր պիտակը։
Դուք մեզ ու եկող սերունդներին «ստիպեցիք», որ հավերժ հիշենք Ձեզ։

Իշխան Թովմասյան