Ռուս փորձագետ. Փաշինյանը սիրով եկավ քաղաքականություն եւ ատելությամբ այնտեղից դուրս կնետվի

177

Ռուս քաղաքագետներն ու փորձագետները կարծում են, որ Նիկոլ Փաշինյանի հեռանալն անխուսափելի է:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնվել է մի իրավիճակում, որը, հնարավոր է, նրա համար քաղաքական կարիերա արժենա: Այսպիսի կարծիք է «Ռոսբալտ»-ի հետ զրույցում հայտնել Սանկտ Պետերբուրգի Բարձրագույն տնտեսագիտական դպրոցի քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների ամբիոնի պրոֆեսոր Իրինա Բուսիգինան:

«Նա դարձել է իրավիճակի պատանդ: Ցանկացած որոշում, որ կայացնում ես, չափազանց ռիսկային է եւ կարիերա կարժենա: Եթե փորձում ես քեզ պահել որպես լիբերալ քաղաքական գործիչ եւ կնքում ես անշահավետ զինադադար, նույնիսկ կյանքեր փրկելու մղումով, ապա ընդդիմությունն անմիջապես կմոբիլիզացվի քո դեմ»,- ասաց քաղաքագետը՝ նկատի ունենալով դեկտեմբերի 8-ին Հայաստանում անցկացվող բողոքի ցույցերը:

«Ընդդիմությունն այժմ հոգ կտանի նրա ճակատագրի մասին: Եվ պետք չէ մեծ մարգարե լինել` հասկանալու համար, որ սարսափելի փաստարկ ես տալիս քո քաղաքական հակառակորդների ձեռքը: Եվ այդպես էլ եղավ, նրան դա չեն ներելու: Երկրում կան բավական արմատական մարդիկ, ովքեր մինչեւ վերջ խաղաթուղթը կօգտագործեն»,- ասել է փորձագետը:

Նրա կարծիքով՝ Փաշինյանն իր սուբյեկտությունը կորցրել է արտաքին խոշոր խաղացողների՝ Թուրքիայի եւ Ռուսաստանի ազդեցության տակ: Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրավիճակը ցույց տվեց, թե ինչպես են առանձին երկրներ ձեւավորում իրենց քաղաքականությունը տարածաշրջանում, իսկ այլ միջազգային ինստիտուտների դերը ոչինչ է դառնում, հավելել է քաղաքագետը: «Կարգավորման գործարքը կայացել է առանց հաշվի առնելու հայկական շահերը: Ռուսաստանը սիրում է կանխատեսելի քաղաքական գործիչներին, ինչպիսին չէր Փաշինյանը: Նա սիրով եկավ քաղաքականություն եւ այնտեղից դուրս կնետվի ատելությամբ»,- ամփոփել է Բուսիգինան:

Փաշինյանի վրա ճնշումը կմեծանա: Սրանում համոզված է քաղաքագետ, Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Անդրեյ Արեշեւը: «Գնալով ավելի դժվար կլինի նրան պահպանել իշխանությունը: Ինձ թվում է, որ Հայաստանում իրադարձությունները կզարգանան այս ուղղությամբ: Քաղաքացիական անհնազանդության գործողությունները կշարունակվեն եւ կամրապնդվեն իշխանությունների տարբեր՝ տեղական, հնարավոր է, դատական մարմինների հայտարարություններով»,- «360» հեռուստաալիքին https://360tv.ru/ տված հարցազրույցում նշել է նա:

Արեշեւը կարծում է, որ այս ամենը վաղ թե ուշ ճնշում կգործադրի նաեւ խորհրդարանի վրա: Այդ ժամանակ կարող է «քանդվել իշխանական կառույցը», որը ապահովում է Փաշինյանի տեղը երկրի ղեկավար կազմում, եւ նրա ռեժիմի հարաբերական կայունությունն էլ ավելի անկայուն կդառնա: «Եթե այս, այսպես կոչված, քաղաքական գործիչը այդքան կատաղի պայքար մղեր հայ ժողովրդի ազգային շահերի համար, ինչպես որ այժմ պայքարում է սեփական իշխանությունը պահպանելու համար, դա շատ ավելի տրամաբանական կլիներ: Ցավոք, դա տեղի չի ունենում, ինչը վկայում է ճգնաժամի մասին, որին մոտեցել է Հայաստանը: Այս ճգնաժամը հնարավոր չէ լուծել առանց Փաշինյանի հրաժարականի»: Սակայն, ըստ քաղաքագետի խոսքերի, ընդդիմությունն այժմ չափազանց մասնատված է, եւ մարդիկ ձմռանը ավելի քիչ են հակված փողոց դուրս գալ: Այժմ Հայաստանի քաղաքացիներին, այնուամենայնիվ, ավելի շատ հետաքրքրում են իրենց գոյատեւման հարցերը, կարծում է Արեշեւը:

«Քանի որ տնտեսությունն ամբողջությամբ աուտի մեջ է։ Ազգային արժույթը ընկնում է, եւ, հնարավոր է, դեռ կընկնի: Հետպատերազմյան համախտանիշի բոլոր դասական դրսեւորումները։ Որքան ավելի հստակ գիտակցվի աղետալի իրավիճակը, այնքան մեծ կլինի բողոքի ալիքը»,- ընդգծել է նա:

Ռուս քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը նշում է, որ Փաշինյանը «ամենայն հավանականությամբ, կդիմադրի մինչեւ վերջ, չէ որ նա փորձում է պատկերացնել, որ իր թիկունքում աջակցություն կա»: «Ոմանք նույնիսկ փորձում են օգտագործել Ռուսաստանի նախագահի հայտարարությունները նրան սատարելու համար: Փաշինյանին ուզում են վտարել ոչ այն պատճառով, որ նա բառիս բուն իմաստով դավաճան է: Նրա աշխատանքն ապացուցել է նրա բացարձակ անկարողությունը, անգրագիտությունը, պետության կառուցման, քաղաքական եւ պաշտպանության հարցերի վերաբերյալ որոշումներ կայացնելու անկարողությունը: Սրանք ձախողումների շարքն է, իսկ պատերազմը՝ սառցաբեկորի գագաթը»,- НСН-ին տված հարցազրույցում ասել է Միհրանյանը: «Ամբոխի եւ փողոցի կողմից ստեղծված, խուժանի կողմից ստեղծված իշխանությունը երբեք չի կարող կոմպետենտ եւ արդյունավետ լինել: Այժմ կոռուպցիոն շատ որոշումներ են ի հայտ եկել, չնայած նրանք իշխանության են եկել կոռուպցիայի դեմ պայքարի կարգախոսի ներքո: Բառացիորեն պատերազմի տարիներին պարզվեց, որ գնված զենքը չի թռել, չի կրակել: Սակայն մեծ փողեր են ծախսվել: Եւս 120 միլիոն պարգեւավճարների տեսքով վճարվել է կառավարությանը եւ Փաշինյանի խմբակցության պատգամավորներին: Սա անօգնականության, արկածախնդրության, դեմագոգիայի եւ պոպուլիզմի պատկեր է»,- կարծում է նա:

News.am