ՀՀ ղեկավարության կողմից կատարված առերևույթ պետական դավաճանության վերաբերյալ Արթուր Ղազինյանի հաղորդումը կցվել է Մովսես Հակոբյանի հայտարարությունների առթիվ հարուցված քրեական գործին

156

ՀՀ ղեկավարության կողմից կատարված առերևույթ պետական դավաճանության, պետական գաղտնիքի հրապարակման, վնասարարության վերաբերյալ «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը կցվել է ԶՈՒ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի հայտարարությունների առնչությամբ հարուցված քրեական գործին։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեցին ՀՔԾ-ից։

Նշենք, որ ՀՔԾ-ում քննվում է Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսի հիման վրա հարուցված քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահումը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Մամուլի ասուլիսի ընթացքում Մովսես Հակոբյանը հանդես է եկել մի շարք սենսացիոն հայտարարություններով` նշելով, որ այս պատերազմի պարտության հիմնական պատճառը վատ կառավարումն է եղել։ Ըստ նրա՝ 2018թ մայիսից հետո պատերազմող երկրում իրականացվել է զինված ուժերի օպտիմալացում, որի արդյունքում կրճատվել է բանակի մարտավարական հինգ գունդ: Բացի այդ` պատերազմի երրորդ օրը վարչապետը կանգնեցրել է բանակի լրահամալրումը և զորահավաք չի եղել:

Հիշեցնենք, որ Ղազինյանը նոյեմբերի 26-ին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ընդգծելով, որ ՀՀ ղեկավարությունն առերևույթ կատարել է ՀՀ ՔՕ 299-րդ հոդվածի 1-ին մասի և 304-րդ հոդվածի և 306-րդ հոդվածով նախատեսված հանցագործություններ։

Մասնավորապես, Ղազինյանը պահանջում է քրեական գործ հարուցել և պարզել, թե ինչ հանգամանքներում է հանձնվել Շուշի քաղաքը, ձեռնարկվել են արդյո՞ք բոլոր անհրաժեշտ միջոցները և քայլերը Շուշի քաղաքի պաշտպանությունը կազմակերպելու համար, մասնակցել են արդյո՞ք ՀՀ և ԱՀ ԶՈՒ ստորաբաժանումները, հնարավոր էր արդյոք խուսափել նոյեմբերի 9-ին՝ Ադրբեջանի դրոշի օրը Շուշի քաղաքն առանց մարտերի հանձնելուց, պետք է պարզել, թե ՀՀ և ԱՀ ռազմաքաղաքական իշխանություններն ինչ քայլեր են ձեռնարկել Շուշի քաղաքի պաշտպանության համար մարտեր մղող կամավորականներին Շուշի քաղաքից անվտանգ դուրս բերելու համար և արդյոք տեղեկացված են եղել Շուշին պաշտպանող մեր հայորդիները՝ Շուշին հանձնելու որոշման մասին, հնարավորություն եղել է արդյոք փրկել մարտեր մղող կամավորականներին, թե ինչ գործողություններ են իրականացրել ՀՀ քաղաքական իշխանությունը՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի կողմից ներկայացված վտանգը չեզոքացնելու ուղղությամբ, գնահատի՝ արդյոք բավարար են եղել այդ գործողությունները սպասվող պատերազմը կանխելու կամ այն հետաձգելու համար, թե ՀՀ վարչապետը Պուտինի այդ պահին հայանպաստ առաջարկությունը մերժելուց առաջ, որ իրավասու մարմինների հետ է խորհրդակցել, խորհրդակցել է առհասարակ, թե ոչ, տեղյակ է եղել արդյոք ԳՇ պետը Պուտինի այս առաջարկի մասին և ինչ պայմաններում և ինչ պատճառերով է մերժվել ՌԴ նախագահի առաջարկությունը, ինչպես նաև հարկ է պարզել, թե որքան տարածքային և մարդկային կորուստներ են արձանագրվել հոկտեմբերի 19-ից հետո և գտնել ՀՀ բարձրագույն իշխանության ներկայացուցիչների գործողությունների շարժառիթները և դրդապատճառները։

Աղբյուր` Փաստինֆո