Ինձ ասել են ներկայանամ նախագահական մեդալ ստանալու, ես հրաժարվել եմ այդ մեդալից, չեմ ուզում հայրենիքը դավաճանած մարդկանց ձեռքից մեդալներ ստանալ. բժիշկ-ազատամարտիկ

107

Մենք հայրենիք ենք կորցրել ու շարունակում ենք կորցնել, ցավալին սա է, արթնացեք թմբիրից: Այս մասին ԱԺ-ի մոտ Նիկոլ Փաշինյանի պահանջով հրաժարականի հանրահավաքի ժամանակ ասաց բժիշկ, ազատամարտիկ Տարոն Տոնոյանը՝ դիմելով ժողովրդին:

Նա ընդգծեց, որ այսօր երկրում բացարձակ անիշխանություն է, երկիրն անտեր է, այսօր Նիկոլ Փաշինյանը միայն ու միայն զբաղված է սեփական աթոռը ամեն գնով պահելով և նա ժամանակ չունի սահմաններով, բանակով զբաղվելու: Նա նշեց, որ Փաշինյանի հրաժարականը պահանջում է հոգևոր դասը, գործարար աշխարհը, մտավորականությունը, բայց այդքան կոչերը մնում են անպատասխան իշխանության կողմից:«Ո՞ւմ հետ եք վաղն աշխատելու, ինչպե՞ս եք ղեկավարելու, ձեզ ոչ ոք չի ուզում, ձեր աջակիցները նրանք, որ Ջաբրայիլն ու Քելբաջարը չեն տարբերում, նրանցո՞վ եք մեր երկիրը ղեկավարել, շարունակեք և երկիրը կտանեք վերջնական գահավիժման և կործանման»,- ասաց նա և կոչ արեց իր բժիշկ ընկերներին, այդքան անտարբեր ու ապաքաղաքական չլինեն և նրանք էլ որպես մտավորականության մի մաս բարձրացնեն իրենց ձայնը:

Տարոն Տոնոյանը հարց հնչեցրեց՝ ո՞վ է տեսել պարտված պետությունը, ոչ թե բանակն այսքան շատ շքանշաններ բաժանի, ու նշեց, որ դա անում են, որպեսզի կարողանան այդ մարդկանց ևս զերծ պահել այս պայքարից:«Այսօր ինձ զանգել են Առողջապահության նախարարությունից, որ ներկայանամ նախագահական, որ շքանշան ինձ տան, ես այդ շքանշաններն ու մեդալները վաստակել եմ այն զինվորների մայրերի ու զինվորների բերանից, որոնք ինձ ասել են՝ շնորհակալություն բժիշկ, ես այդ մեդալից հրաժարվել եմ, որովհետև չեմ ուզում ապազգային, անհայտ ծագման, իրենց կյանքում ոչ մի ստեղծարար որևէ բան չարած, հայրենիքը դավաճանած մարդկանց ձեռքից մեդալներ ստանամ»,- շեշտեց նա:

Tert.am