Թուրքերը եկել, ճանապարհով կանգնել են, ասում են՝ մերն է․ Ասկերանի Փառուխ գյուղը զրկվել է գլխավոր ճանապարհից

134

Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղը Աղդամի շրջանն Ադրբեջանին հանձնելուց հետո զրկվել է գյուղ տանող գլխավոր ճանապարհից։

«Թուրքերը եկել են, ճանապարհով կանգնել, ասում են՝ մերն է։ Սովետի ժամանակով երբ սահմանը կար, ճանապարհի տակն էր իրենցը, ոչ թե ճանապարհը, բայց հիմա վերեւն էլ են կանգնած, ճանապարհին էլ, փակել են։ Հենց Աղդամը հանձնելու օրվանից եկել, փակել են»,- ասել է Փառուխի գյուղապետ Վարդան Միքայելյանը։

Փառուխ հասնելու համար գյուղացիներն օգտագործում են անտառի միջով անցնող մեկ այլ ճանապարհ, որը, սակայն,  քանդված վիճակում է։

«Մի թեթեւ սարքել ենք, բայց ամեն ավտո չի կարում գնա գա, ցեխ է։ Հիմա տեխնիկաները բերել ենք, որ վերանորոգենք»,- նշել է  գյուղապետը։

Փառուխն այժմ շուրջ 500 մետր է հեռու ադրբեջանական սահմանից։ Համայնքապետի խոսքով՝ գյուղացիներն անհանգստանում են իրենց անվտանգության համար եւ այդ պատճառով պատերազմից հետո գյուղ չեն վերադարձել։

«82 բնակիչ ունեինք, հիմա 3 հոգի է ապրում՝ ամեն ընտանիքից մի հոգի, այն էլ անասուններին տեր կանգնելու համար»,- նշել է  գյուղապետը։

 Հիշեցնենք, որ եռակողմ հայտարարության համաձայն Ադրբեջանին է հանձնվել նաեւ Աղդամի շրջանը։ Մի քանի օրվա ընթացքում պարզ էր դարձել, որ հանձնվելու են նաեւ այժմյան Մարտակերտի շրջանի 7 գյուղ, որոնք ժամանակին եղել են Աղդամի շրջանում։ Դրանք հանձնելուց հետո է, որ Փառուխ գյուղը դարձել է սահամանմերձ։ Փառուխ գյուղի հարեւանությամբ Խրամորթ գյուղն է, որի միջով էլ անցնում է Փառուխ տանող գլխավոր ճանապարհը։

News.am