ԱՄՆ Կոնգրեսը նախագահին հանձնարարել է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ

120

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երեքշաբթի՝ դեկտեմբերի 8-ին, հավանություն է տվել Թուրքիայի դեմ պարտադիր պատժամիջոցներ կիրառելու նախաձեռնությանը` ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի գնման պատճառով: Այս նախաձեռնությունը երկրի պաշտպանական բյուջեի օրինագծի մի մասն է, որը նախատեսված է 2021 ֆինանսական տարվա համար (սկսվել է հոկտեմբերի 1-ից):

«Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 30 օր անց ԱՄՆ Նախագահը պետք է կիրառի հինգ կամ ավելի սահմանափակող միջոցներ, որոնք շարադրված են «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդների դեմ հակահարվածների» ծրագրի (CAATSA) բաժնում, ցանկացած անձի դեմ, որը գիտակցաբար մասնակցել է համակարգերի ձեռք բերմանը»,- ասվում է բյուջեի նախագծում, որին աջակցություն են հայտնել օրենսդիրները:

Ակնկալվում է, որ այն շուտով կքննարկվի ԱՄՆ Սենատում: Եթե նախաձեռնությունը հաստատվի ամերիկյան օրենսդիր մարմնի վերին պալատի կողմից, այն կուղղվի նախագահի ստորագրությանը: Իր հերթին, Վաշինգտոնի վարչակազմի ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամփը նախկինում քննադատել է այս փաստաթղթի մի շարք կետեր և խոստացել վետո դնել օրինագծի վրա:

Yerkir.am