Ադրբեջանցիները հայ հասարակության մեջ ներքին թշնամանք են ստեղծում. ՄԻՊ

156

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը տեղեկացնում է.

Քիչ առաջ ավարտեցինք հայկական կողմի գերիների սոցիալական ցանցերի օգտահաշիվների գաղտնաբառերին ադրբեջանցիների ապօրինի տիրանալու ու այդ էջերը կառավարելու վերաբերյալ նոր ապացույցների հետազոտումն ու իրավական ձևակերպումները:

Այս անգամ խոսքը վերաբերում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ձեռք բերած օբյեկտիվ բնույթի ապացույցների այն մասին, թե ինչպես են ադրբեջանցիները մեր հասարակությունում տարածում ներքին թշնամանք՝ նպատակ ունենալով ատելություն առաջացնել Արցախի մեր հայրենակիցների նկատմամբ:

Կից նյութերում առկա տեքստի տառացի մեջբերումն է. «հենց թուրքըերը հարձակվում են Արցախի վրա էս ղարաբաղցիք էլ հարձակվում են Երևանի վրա»: Տեքստի մյուս մասը պարունակում է քաղաքական բովանդակություն ունեցող թշնամանք, ուստի այն չեմ հրապարակում հասկանալի պատճառներով:

Ակնհայտ է, որ հայաստանցի-արցախցի արհեստական թեմայի շահարկումը, այդ հիմքով ատելություն հրահրելը նպատակ ունի առաջացնել լարվածություն մեր հասարակությունում՝ վտանգելով մեր համերաշխությունն ու համախմբվածությունը:

Մեր ձեռք բերած ապացույցներն, իհարկե, շատ ավելին են: Այս հրապարակումով ներկայացնում եմ դրանցից միայն մի քանիսը ՝ որպես մեկ դեպքով օրինակ: Այս փուլի ապացույցները վերաբերում են պատերազմական գործողությունների ժամանակաշրջանին:

Եվս մեկ անգամ խնդրում եմ ցուցաբերել զգուշություն սոցիալական ցանցերից օգտվելիս, չներքաշվել նման «քննարկումների»՝ անկախ նրանից ով է դա անում կամ ինչ խմբերում է արվում ու ինչ տեսակի հարցեր են շահարկվում (սոցիալական, քաղաքական և այլն):

Բոլոր ապացույցները անհրաժեշտ իրավական ձևակերպումներով կուղարկվեն միջազգային մարմիններին՝ ըստ իրավասության: