France 24. Էրդողանն ու Մակրոնը միմյանց մեջ իդեալական թշնամիներ են գտել

59

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ նրա ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնը միմյանց մեջ իդեալական թշնամիներ են գտել, եւ երկու առաջնորդների վեճը նրանց շահերից է բխում ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում հայտնում է France 24-ը:

Ուրբաթ օրը Էրդողանը հույս էր հայտնել, որ Ֆրանսիան շուտով կազատվի Մակրոնից՝ անվանելով նրան «բեռ Ֆրանսիայի համար», որը վտանգավոր ժամանակներ է ապրում:

Վերջին ամիսներին երկու երկրների միջեւ լարվածությունը կտրուկ աճել է Սիրիայի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության, լիբիական ճգնաժամի հարցերով քաղաքականության շուրջ տարաձայնությունների, արմատական իսլամի մասին տեսակետների եւ Միջերկրական ծովի արեւելքում ածխաջրածնային ռեսուրսների շուրջ Հունաստանի ու Թուրքիայի միջեւ հակամարտության պատճառով:

«Ֆրանսիայի եւ Թուրքիայի առճակատումը մասամբ պայմանավորված է անձնային առանձնահատկություններով»,- France24-ին ասել է Մարշալի գերմանական ֆոնդի փոխնախագահ եւ գործադիր տնօրեն դոկտոր Յան Լեսերը: «Ինչ-որ իմաստով Էրդողանը դա շատ անձնավորված է ընդունում, քանի որ ավելի ու ավելի է հիասթափվում Արեւմուտքից, եւ տեսնում է, որ Ֆրանսիան եւ նրա ղեկավարությունը մարմնավորում են այն ամենը, ինչ իրեն դուր չի գալիս Եվրոպայում՝ մշակութային, քաղաքական, աշխարհաքաղաքական առումով»,- հավելել է նա:

Ըստ որոշ քննադատների՝ Մակրոնի դեմ Էրդողանի հարձակումները կանխամտածված սադրանքներ են, որոնք նրան թույլ են տալիս ամրապնդել իր իմիջը ազգայնական թուրքերի շրջանում, ովքեր նրան համարում են իսլամական արժեքների պաշտպան:

Փաստորեն, երկու համառ առաջնորդներն էլ ոգեշնչվում են տանը աջակցություն ստանալու ցանկությամբ:

«Մակրոնը եւ Էրդողանը միմյանց մեջ իդեալական թշնամի են գտել»,- France 24-ին մեջբերում է Միջազգային հարաբերությունների հարցերով եվրոպական խորհրդի գիտաշխատող Ասլի Այդինտասբասը: «Այս վեճը երկու ղեկավարների համար էլ տարօրինակ կերպով է գործում՝ իրենց երկրների ներսում եւ այն ազդեցության առումով, որ նրանք փորձում են ունենալ արտերկրում»:

France24-ի կարծիքով՝ նույնիսկ ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի նոր վարչակազմը, որը, ինչպես սպասվում է, ավելի կոշտ դիրքորոշում կդրսեւորի Թուրքիայի նկատմամբ, կարող է բավարար չլինել, որպեսզի ստիպի Էրդողանին զսպել իր գրոհները Մակրոնի դեմ:

«Դա Էրդողանի համար քաղաքական պլյուս է, քանի որ ազգայնական տրամադրությունները լայնորեն կիսում է նույնիսկ ընդդիմությունը»,- ասել է դոկտոր Լեսերը:

Ինչ վերաբերում է Մակրոնին, Էրդողանի հետ նրա վեճը կարող է ունենալ ներքին դրդապատճառներ, նշում է France24-ը՝ հավելելով, որ աշխարհիկության նրա վճռական պաշտպանությունը եւ ֆրանսիական իսլամ ձեւավորելու ջանքերը կարող են մեծացնել նրա վերընտրվելու հավանականությունը, եթե 2022 թվականին բախվի ծայրահեղ աջակողմյան առաջնորդ Մարին Լե Պենի հետ:

News.am