Պարտության քրոնիկոն

291

Հայոց պատմության մատյանը լի է վայրիվերումներով, փառքի պատումներով ու ցավոտ պարտություններով։ Հայ ժողովուրդը իր պատմության ողջ ընթացքում տեսել է բազում դավաճանություններ, հուսալքումներ, կոտորածներ։ Այս մատյանում կան բազում էջեր, որոնց ընթերցումից հետո դժվար է անգամ պատկերացնել, որ հաջորդ էջին՝ բացի մահախոսականից, կարող է այլ բան լինել։
Հայաստանի երրորդ հանրապետության ծնունդը՝ զուգորդված Արցախյան մեծ հաղթանակով, մեր մատեանի ամենալուսավոր էջերից էր։ Թվում էր՝ դարերի երազանքի իրագործումից հետո ամեն հաջորդ էջը պիտի լցված լինի զարգացման ու գեղեցկության մասին պատումներով։ Թվում էր՝ եկավ <<հանուր կյանքի արշալույսը>>, բայց ավաղ…….
Հանրապետության ստեղծման առաջին իսկ օրերից սկսվեցին սխալները, որոնք մոտեցրին այս օրը։ Սխալներից գլխավորը թերևս, այն էր, որ մենք այդպես էլ չսովորեցինք սերն ու ատելությունն ուղղել ճիշտ հասցեով։ Մենք սկսեցինք ատել իրար ու հավատալ՝ թշնամուն սիրելու անհրաժեշտության մասին ճառող քարոզիչներին։ Թշնամական երկրում՝ սկսած մանկապարտեզից, քարոզում էին, որ հայը վատն է, որ հայը խլել է իրենց տունը։ Դպրոցահասակ երեխաներին թշնամական երկրում դաստիարակում էին իրենց կեղծ պատմությամբ։
Իսկ ի՞նչ էինք անում մենք։ Մենք ատելություն էինք քարոզում հայի նկատմամբ, մենք բամբասանքներ էինք տարածում Արցախն ազատագրած հերոսների հասցեին, մեզնից շատերը նույնիսկ չարախնդում էին մեր հերոսների հետ կատարված դժբախտություններով։ Մենք չսովորեցինք զատել հերոսին ու մարդուն ու հերոսներից, հանիրավի, ակնկալում էին սրբակենցաղություն։
Մենք գնում էինք հանգստանալու մեր ժողովրդին ցեղասպանած երկրում ու պատմում՝ ինչքան լավն են մեր թշնամիները, մեզնից ոմանք թուրքի հետ բարեկամություն էին քարոզում, մեր պատմության դասագրքերում երեխաներին ներկայացնում էինք Տիգրան Մեծի հանձնվելու մասին կեղծ պատմությունը։ Մենք թույլ էինք տալիս մեր կողքին ապրողներին քակոծել մեր արժեքներն ու մեր եկեղեցին։
Ի վերջո՝ մենք գերադասեցինք երկրի ղեկավարի աթոռը հանձնել իրենից ոչինչ չներկայացնող դասալիքի ու հուսալ, որ նա կստեղծի Նոր Հայաստան։ Ինչևէ, այդ մեկը նա իդեալական իրագործեց։ Նա ստեղծեց Հայաստան՝ շատ ավելի փոքր քարտեզով։ Մենք թույլ տվեցինք նրան մեզ գույների բաժանել, ստորացնել Արցախի տարածքի գրեթե կեսն ազատագրած զորավարին, ամբաստանյալի աթոտին նստեցնել Արցախի հերոսներին։ Մենք թույլ տվեցինք, որ արդեն պաշտոնապես մեր կրթական համակարգը, արդարադատության համակարգը, մշակույթի ոլորտը ղեկավարվի օտարեևկրյա շահերի սպասարկու գործակալների կողմից։ Մենք թացը խառնեցինք չորին։
Ու մենք՝ հենց մենք, մեր ձեռքով գրեցինք մեր պատմության ամենաամոթալի էջը։ Ինչպես հաճախ՝ թվում է՝ հաջորդ էջին մահախոսական է լինելու։ Բայց մենք պարտավոր ենք ապրել՝ հանուն հերոսների ու գրել նոր՝ փառավոր էջը՝ ուղղելով մեր սխալները ու մեր շարքերից հեռացնելով դավաճաններին։