Մահացել է ձայնի արագությունն առաջին անգամ գերազանցած օդաչուն

51

Ամերիկացի կործանիչ օդաչու Չակ Յեգերը, որն առաջինն աշխարհում գերազանցել է ձայնի արագությունը, մահացել է 97 տարեկանում. հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Խոր տխրությամբ ասում եմ, որ իմ կյանքի սերը` գեներալ Չակ Յեգերը կյանքից հեռացավ 21.00-ից քիչ առաջ: Նա աներեւակայելի լավ կյանք է ապրել, Ամերիկայի մեծագույն օդաչուն էր, նրա ժառանգությունը` ուժը, արկածախնդրության ծարավը եւ հայրենասիրությունը, հավերժ կմնան հիշողության մեջ»,- ասվում է նրա կնոջ` Վիկտորյայի անունից Twitter-ում արված գրառման մեջ:

Չակ Յեգերը ծնվել է ԱՄՆ-ի Արեւմտյան Վիրջինիա նահանգում 1923 թվականին, երիտասարդ տարիքում ավտոտեխանիկ էր դարձել, իսկ 1941-ին միացել էր ԱՄՆ ՌՕՈւ-ին: Նա մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, խոցել թշնամու տասնյակից ավել ինքնաթիռներ: 1947 թվականին Bell X-1 փորձարարական ինքնաթիռով 24-ամյա կապիտանն առաջին անգամ հաղթահարել է ձայնային պատնեշը` թռիչք իրականացնելով Կալիֆորնիայի Մոխավե անապատում: