Էյֆորիկ մառախուղը ցնդում է

1391

ՄԵՆՔ ԿԱԽԱՂԱՆ ԵՆՔ ՀԱՆՈՒՄ ՄԱՆՐ-ՄՈՒՆՐ ԳՈՂԵՐԻՆ, ԻՍԿ ԽՈՇՈՐ ԳՈՂԵՐԻՆ
ՀԱՆՁՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՂԵԿԸ
ԵԶՈՊՈՍ
Կամաց-կամաց ցնդում է մեր մթնոլորտում արհեստականորեն լցված էյֆորիկ մառախուղը, որի սինթետիկությունը միայն ու միայն հևասպառության էր հասցնում մեզ: Հայն իր սթափության վիճակին վերադառնալու համար շատ թանկ վճարեց. դարձավ անթիակ, ջլազուրկ, անժամկետ երկարացրեց թուրանական երախի պառնալիքը: Խնդիրները շատ են, պատճառները՝ էլ ավելի: Եկավ միահեծան, ինքնահռչակ մեկը՝ անպայմանորեն իր հետ ունենալով իր կողքին զբոսնած «անագե զինվորիկներ», որոնց ապիկարության ու տգիտության հետևանքները մեծ-մեծ բշտերի պես դեռ երկա՜ր կմնան մեր երկրի մարմնին: Եկան մարդիկ սելավի բերած աղբի նման և ամենա՜օրինական ձևով թառեցին ամենակարևոր պաշտոններին: Այո՛, թառեցին: Մարդիկ, ովքեր հեռու են իրենց պաշտոնեական պարտականության կատարումներից, մարդիկ, ովքեր հակահայ են, օտարամոլ, հեռու մեր պատկերացումներից, տեղ-տեղ նույնիսկ հայատյաց, ազգուրաց: Իսկ սրանցից ի՞նչ կարելի է սպասել: Երբ պատերազմող երկրում խոսվում էր «ռազմագիտություն» առարկայի դասավանդման անիմաստությունից, մե՜ծ ջանքեր էին գործադրում «եկեղեցու պատմության» հեռացման, «հայերենի» նվաստացուցիչ ստորադասման, հային ազատ ու ինքնագլուխ եվրոպացի դաստիարակելու գործում, մարդիկ լուռ էին. Ցավին անտեղյակ, դավին անհաղորդ: Ազգերի ու պետությունների պատմությունը վկայում է, որ դրանք կործանվում են միահամուռ ստեղծված մշակույթի մասնատման արդյունքում: Նիկոլ Փաշինյանը մեզ դեռևս սնուցում է նույն, օդում կախված, անիրական մեղադրանքներով, որոնց համաձայն միշտ մեկը մեղավոր է, բայց գաղտնի է այդ մեկի անունը: Ըստ իր բորբոքված եզրահանգումների՝ բոլորն են մեղավոր, բացի իրենից: Այն ինչ, այդ մեկ մարդը դու՛ ես, դու՛ ես և քո մանկահասակ, անանցյալ հրոսակախումբը, որ քաղցկեղի պես հոշոտում է մեր օրգանիզմը: Անցավ այն չարաբաստիկ «թողեք աշխատեն» արդարացման արդիականությունը, ցավոք անդառնալի կորուստների հաշվին: Տգետը տանուլ տվեց գերխնդիր դարձած պատերազմը, ինչն էլ փչացրեց ամեն մեկիս կյանքը, ապագան: Գնա՛ վերջապես, թող մեզ, մենք կուշտ ենք քո բարեփոխումներից, քո «սպիտակ» ոհմակից, խոստացածդ թավշյա երկրից (իդեպ այդ թավիշը միայն առատորեն աճում է ձեր մռութներին): Եթե կուզես՝ այո, դու ճիշտ ես, անմեղ ես, ֆենոմեն ես. Միայն թե գնա: