Արամ Խաչատրյանը կտեղափոխվի գործադիր, նա չբացառեց, որ աշխատանքի կանցնի մարզպետարանում

285

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանը պատգամավորական մանդատը վայր դնելու որոշում է կայացրել՝ գործադիր տեղափոխվելու համար։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է իշխող ուժի պատգամավորը։ 

Թե Կառավարությունում ի՞նչ պաշտոնի է անցնելու, Արամ Խաչատրյանը չասաց, պատճառաբանելով, որ թիմի հետ քննարկումներ են գնում, վերջնական որոշում դեռ չկա։ Հստակեցնող հարցին, թե հնարավո՞ր է մարզ է տեղափոխվում մարզպետի կամ փոխմարզպետի կարգավիճակով, Արամ Խաչատրյանն արձագանքել է․ «Թույլ տվեք չպատասխանեմ, որովհետեւ ոչ մի բան չի բացառվում, ես կարող եմ միայն փոխանցել, որ գործադիր տեղափոխվելու համար եմ մանդատս վայր դնում»։

Ըստ Խաչատրյանի՝ գործադիր տեղափոխվելու որոշումն անձամբ իրենը չէ, այլ քաղաքական թիմինն է, իսկ եթե թիմը նման որոշում է կայացրել, ուրեմն ինքը կենթարկվի այդ որոշմանը։

Հետաքրքրվեցինք՝ ինչպես ընդունված է ասել՝ գործադիրի աշխատանքն իր սրտո՞վ է, Արամ Խաչատրյանն ասել է.

«Հա, ինչու չէ՞»։

Նշենք, որ մինչեւ պատգամավոր դառնալը Արամ Խաչատրյանը զբաղեցնում էր Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնը։

Արամ Խաչատրյանից հետաքրքրվեցինք նաեւ, թե մտավախություն չունի՞, որ առաջիկայում ընդդիմությունն իր նպատակին կհասնի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա, ասել է․

«Չեմ կարծում, որ ընդդիմությունն իր նպատակին կհասնի, որովհետեւ Երեւանում, մարզերում շփվելով մարդկանց հետ, տեսնում ենք, որ վարչապետը մեծ աջակցություն ունի ժողովրդի կողմից։ Հրաժարականի հիմք չեմ տեսնում, որովհետեւ կա մի սուբյեկտ, որ պիտի որոշի՝ ո՞վ պիտի լինի իշխանությունը, դա ժողովուրդն է, իհարկե, հարգելով մեր ընդդիմադիր գործընկերների կարծիքը, դա իրենց իրավունքն է։ Սա ժողովրդավար երկիր է, իրենք իրենց գործն են անում, մենք էլ մերը պիտի անենք։ Ոչ մի մտավախություն չեմ տեսնում, հակառակը՝ տեսնում եմ, որ  կա մեծ հանրային պահանջ, որ վարչապետը հրաժարական չտա»։

Արամ Խաչատրյանը որպես դրա ապացույց մի օրինակ է  նշել, որ երեկ, երբ Նիկոլ Փաշինյանը այցելել էր Լոռու մարզի մի քանի համայնք, ժողովուրդն իրեն ջերմ էր ընդունել։