Թուրքիան ոչ միայն դուրս չի գալիս Արցախից, այլև ադրբեջանցիները մտադիր են Արցախի օկուպացված տարածքներում տեղավորել ահաբեկիչների ու վարձկանների

93

Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ Արա Այվազյանն իր ելույթում խոսել է Արցախում ստեղծված իրավիճակի և այդ իրավիճակի կարգավորող հանդիսացող ռուսական զորքի գործունեության մասին: Նա մասնավորապես նշել է. «Ռուսաստանը առանցքային դեր է կատարում արցախահայության նկատմամաբ թուրք-ադրբեջանական ագրեսիան կանգնեցնելու համար: Ռուս խաղաղապահների ներգրավվածությունն Արցախում խաղաղության և բնականոն կյանքի վերադարձի, ինչպես նաև Ադրբեջանի ու նրա հովանահոր Թուրքիայի կողմից նոր հրահրումները, ահաբեկիչների նոր գործողությունները կանխելու   երաշխիք է: Հումանիտար աջակցության համատեքստում կարևորում ենք միջազգային կառույցների հատուկ ուշադրությունը հայ ռազմագերիների վերադարձի հարցում. ակնկալում ենք, որ ադրբեջանական կողմից գործընթացն ընդհատելու քայլեր չենք տեսնի: Միաժամանակ պետք է նշել, որ ադրբեջանցիների կողմից շարունակվում են հայ ռազմագերիների ու պատանդների նկատմամաբ անմարդկային ու դաժան վերաբերմունքը: Հայ գերիները ողջ-ողջ գլխատվում են, այնպես ինչպես իգիլականներն էին վարվում պատանդների հետ: Մենք տեսնում ենք նաև վանդալիզմի բազմաթիվ դրսևորումներ Արցախում հայկական հուշարձանների նկատմամբ»:

Արա Այվազյանը նշել է, որ Թուրքիան եղել և մնում է ադրբեջանցիների հակահայկական ագրեսիայի դրսևորման ու հայատյացության գլխավոր աջակիցն ու ոգեշնչողը: Արտգործնախարարը շարունակել է. «Թուրքիան պետք է դուրս բերի իր ուժերը Արցախի տարածքից, մինչդեռ հավաստի տեղեկություն ունենք, որ Ադրբեջանը մեծացնում է ահաբեկիչների տեղակայման աշխարհագրական ծավալները՝ վարձկաններին ու ահաբեկիչներին տեղավորելով Արցախի օկուպացված տարածքներում: Ուզում եմ ընդգծել, որ արցախյան հակամարտության խնդրի համատեքստում առկա  է արցախահայության ինքնորոշման իրավունքը: Հայաստանը հանդիսացել և շարունակում է  հանդիսանալ արցախահայության ինքնորոշման իրավունքի պաշտպանի դիրքերից»: