Զոհված զինծառայողների մարմինների որոնման աշխատանքներ են ընթանում Ասկերանում, Հադրութում, Ֆիզուլիում

144

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ուժերի վարչության փրկարարական ջոկատները շարունակում են պատերազմի հետևանքով զոհված զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքները. հայտնում են  Արցախպի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ սկսած նոյեմբերի 13-ից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի /ԿԽՄԿ/ և ՌԴ խաղաղապահ զորակազմի միջամտությամբ՝ բուն որոնողական գործողություններին մասնակցում են Արցախի փրկարարական ջոկատները և սակրավորական խմբերը։

«Զոհված, անհետ կորած կամ գերեվարված զինծառայողների ծնողների հետ ամեն օր ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանն է հանդիպում: Քննարկվում են փրկարարների կողմից կատարված որոնողական աշխատանքների արդյունքները, փոխանակում կարծիքներ, ընդունվում փոխադարձ առաջարկներ:

Զոհված զինծառայողների մարմինների որոնման ու փոխանակման աշխատանքները գրեթե ավարտվել են Շուշիի և Մարտակերտի ուղղություններում, ընթացքի մեջ են Մարտունի քաղաքի հարակից համայնքներում, Ասկերանի վերին ենթաշրջանում, ինչպես նաև Հադրութի և Ֆիզուլիի ուղղություններում:

Կողմերի բանակցումից հետո որոնողական աշխատանքներն առաջիկայում կշարունակվեն ադրբեջանական վերահսկողության տակ անցած Հադրութի հարավային հատվածում, Մեխակավանում և մյուս բնակավայրերում»,- ասված է հաղորդագրության մեջ: