Աղետի գոտու անօթևանների բնակարանային ապահովման պետական ծրագիրը մոտենում է ավարտին

100

 Հայաստանում 2008 թվականից իրականացվող աղետի գոտու անօթևանների բնակարանային ապահովման պետական ծրագիրը մոտենում է ավարտին: Ծրագրի հերթացուցակում գտնվող ընտանիքների բնակարանային խնդրի լուծումը վերջնական փուլում է: «Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց  ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը:

«Այս տարվա ընթացքում պետությունը նախատեսել է 3 մլրդ դրամ ֆինանսավորում, որով  Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի ևս 229 ընտանիքի բնակարանային խնդիրը կլուծվի: Այդ աշխատանքները մեկնարկել են տարեսկզբին: Սկզբում փաստաթղթավորման աշխատանքներն են, հետո՝ բուն շինարարական: Մենք արդեն համայնքներում ունենք տարբեր աստիճանի շենքեր: Կան և ավարտվածներ, կան, որ մոտ են այդ փուլին: Աշխատանքներն ընթացքի մեջ են, ավարտին հասցնելուց հետ կհանձնվեն շահառուներին»,-ասաց Տանյա Արզումանյանը: 

Նշված 229 ընտանիքի բնակարանային խնդիրը լուծելուց հետո, կհամարվի, որ 2008 թվականին մեկնարկած, պետական ծրագրի շահառուների ցանկում հերթագրված ընտանիքիների բնակարանային ապահովման պետական ծրագիրն ավարտվում է: 

«Հաճախ բնակարանային խնդիր ունեցող քաղաքացիների մոտ թյուրընկալում է առաջանում այս հարցերի հետ կապված, պետք է ընդգծել, որ խոսքը բացառապես այս ծրագրի շահառուների մասին է»,-ասաց Տանյա Արզումանյանը:

Ամփոփելով աղետի գոտու անօթևանների բնակարանային ապահովման պետական ծրագրի արդյունքները՝ Տանյա Արզումանյանը նշեց, որ ծրագրով շահառու է ճանաչվել ընդհանուր 5 հազար 406 ընտանիք: Այս շահառուները Լոռու, Շիրակի և Արագածոտնի մարզի բնակավայրերից են: 2008-2017 թվականների ընթացքում լուծվել էր 4 հազար 838 ընտանիքի բնակարանային խնդիրը՝ երկու ուղղությամբ՝ բնակարանային շինարարություն և ֆինանսական աջակցության տրամադրում բնակարանային պայմանների բարելավման համար: Այդ փուլում քաղաքային բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված ընտանիքների նկատմամբ ձևավորված պարտավորություններն ավարտվել էին: 

Վերջին երեք տարվա համար մնացել էին աղետի գոտու գյուղական բնակավայրերի ընտանիքների խնդիրները:  2018 թվականին այդ նպատակով հատկացվել էր 460 մլն դրամ, որի շնորհիվ լուծվել էր 51 ընտանիքի բնակարանային խնդիր: 2019 թվականին բյուջեով հատկացվել էր 560 մլն դրամ, որի շրջանակում մեկնարկել էր 61 ընտանիքի բնակարանային խնդրի լուծում: Դրանից բացի, ծրագրի շրջանակում նախորդ տարիներին կային կառուցված ևս 31 ընտանիքի տներ, որտեղ շինարարական աշխատանքները մինչև վերջ հասցված չէին: Դրանք ևս ավարտին հասցվեցին: 

2019 թվականի աշնանը որոշում կայացվեց, որ շահառուների բնակարանների խնդիրը, ըստ ուղղությունների, պետք է որոշվի հենց նրանց շրջանում կատարված հարցման արդյունքում: Այն ընտանիքները, որոնք ընտրեցին ֆինանսական աջակցության տրամադրումը, որպես բնակարանային խնդրի լուծում, 2019 թվականի տարեվերջին նրանց համար պահուստային ֆոնդից հատկացվեց 1.29 մլրդ դրամ: Դրա հաշվին մեկնարկեց 227 ընտանիքի բնակարանային խնդրի լուծման գործընթաց: 2020 թվականին էլ բյուջեով նախատեսվեց 3 մլրդ դրամ և այժմ իրականացվում են բնակելի տների կառուցման աշխատանքներ: Վերջին երեք տարիներին 5 միլիարդ դրամից ավելի գումար է հատկացվել: