2018-ից առ այսօր մեր երկրի կառավարման համակարգում իշխում էր մարտնչող տգիտությունը. Արմեն Չարչյան

58

Բժշկական գիտությունների դոկտոր, «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, Արմեն Չարչյանը հոդված է գրել՝ դիմելով հայ ժողովրդին ու իշխանություններին.

Հարգելի հայրենակիցներ,

Սիրելի քույրեր և եղբայրներ, Հայստանում, Սփյուռքում և Արցախում

Ես բժիշկ եմ՝ վիրաբույժ: Աստծո կամոք իմ առաքելությունն այս կյանքում մարդ բժշկելն է, մարդկանց կյանք և առողջություն պարգևելը: Ես դա ընդունում եմ որպես հասարակության դասակարգման ամենաբարձր աստիճան: Համաձայն լատինական ասացվածքի՝ Medicus enim philosophus est Deo aequalis – Բժիշկն իմաստուն է, Աստծուն նմանակ:   

Մարդու կյանքն ու առողջությունը գերագույն արժեք են: Թերևս դրանցից ավելի բարձր արժեք են հայրենիքը, արժանապատվությունը և անկախությունը, որոնց համար մարդիկ գիտակցաբար զոհում են կյանքը:

«Մահ իմացյալ՝ անմահություն». Եղիշե

Ես միշտ առաջնորդվել եմ քաղաքականությունից զերծ մնալու սկզբունքով: Մասնագիտությունս ու որակավորումս թույլ են տվել ինձ շատ ավելի բարձր ու վեհ լինել, քան ցանկացած քաղաքականություն, քաղաքական միավոր և գործընթաց: Սակայն, բացարձակ և ամբողջովին լինելով քաղաքականությունից դուրս, միշտ ունեցել եմ իմ նախասիրությունները, միշտ կարողացել եմ վերլուծել պատմական պահը և տալ առնվազն մոտակա ապագայի որոշակի կանխատեսումներ (որոնք հետագայում մեծամասամբ ճիշտ են եղել), սակայն երբեք չեմ բարձրաձայնել:

Հարգելի հայրենակիցներ,

Այսօր ես, տեսնելով վերահաս արհավիրքը և անելանելի իրավիճակը, ստիպված դիմում եմ Ձեզ:

Ներկայիս իշխանություններն ամբողջովին և բազմավեկտոր տապալել են երկրի կառավարումը: Չեմ ուզում եզրահանգել, որ դա եղել է կանխամտածված (քավ լիցի), սակայն դա արդեն, ցավոք, կայացած փաստ է: Իմ կարծիքով տապալման ստրատեգիական պատճառը կառավարող համակարգի (ներառյալ ղեկավարության) ցածր պրոֆեսիոնալիզմն ու ոչ կոմպետենտ լինելն էր: Եթե դրան ավելացնենք նաև նորելուկ թրաշամանուկների մարտնչող էությունը (այլակարծության անհանդուրժողականություն, թշնամանք այլախոհների նկատմամբ, ամենաթողություն, անպատժելիություն՝ ելնելով քաղաքական պատկանելությունից,), ապա պատկերը կամբողջանա:

2018-ից առ այսօր մեր երկրի կառավարման համակարգում իշխում էր մարտնչող տգիտությունը: 2018 թ-ի գարնանը և ամռանը մեր հասարակության գերակշռող մեծամասնությունը ողջունեց իշխող համակարգի փոփոխությունը և նոր իշխանություններին: Ես ողջունել եմ միայն փոփոխությունը (որովհետև շատ արատավոր երևույթներ իրապես հեղձուցիչ էին և վաղուց արդեն հասունացել էր կտրական քայլեր կատարելու անհրաժեշտությունը), բայց ոչ նոր իշխանություններին: (ես միշտ եղել եմ «քյառթու Էրևանցի» և «քյառթու սև», անգամ շախմատ խաղալիս գերադասել եմ սև խաղաքարերը, իսկ շարասյունում՝ ավատարը և ոչ ավանգարդը): Ի դեմս նրանց ես տեսնում էի ծրագիր և ոչ պրոֆեսիոնալիզմ: Սակայն դա իմ ժողովրդի ընտրությունն էր, և ես, անգամ ներքուստ համաձայն չլինելով դրա հետ, ընդունեցի այն:  ​

Այսօրվա իրավիճակի համար մեղավոր ենք ազգովի: Յուրաքանչյուրս մեր արածի կամ չարածի չափաքանակով: Ես ընդունում եմ իմ մեղքը և ապաշխարում: Ընդունում եմ, որ դեռևս 2018-ին ես պետք է խոսեի, գոռայի, աղաղակեի՝ անգամ խարազանվելու սպառնալիքով: Ընդունում եմ, որ պետք է գործեի՝ հակընդեմ ամբոխի հորձանուտին: Եվ այսօր ես ապաշխարում եմ իմ չարածների համար: Մեղա Տեր:

2018-ին ներկայիս իշխանությունները եզակի հնարավորություն ունեին իրենց անունները ոսկե տառերով գրել հայոց պատմության դասագրքերում: Նրանց անուններն արդեն իսկ գրված են, քանզի, ուզես թե չուզես, 2018թ. ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո հայ պատմիչները պետք է արձանագրեին եղած դեպքերը և նշեին նրանց հեղինակներին: Նորաթուխ իշխանությանը մնում էր կամ ոսկեզոծել այդ տառերը, կամ կեղտով ու ցեխով պատել դրանք:

Իշխանությունը պետք է գիտակցեր և ընդուներ իր հնարավորություներն ու կարողություները: Մեկ մարդը չէր կարող միաժամանակ լինել լավագույն դիվանագետը, լավագույն տնտեսագետը, լավագույն քաղաքագետը, լավագույն բժիշկը, լավագույն գյուղատնտեսը …. լավագույն … վաստակը: