Թող Նիկոլը հեռանա կամավոր, թե չէ կհեռենա զոռով. 30 տարի հետո Վազգեն Մանուկյանը կանգնեց Ազատության հրապարակում

349

Համազգային հանրահավաքին ընդդիմադիր կուսակցությունների միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը  ներկայացրեց այն ծրագրային դրույթները, որոնք իր առջև է դնելու ժամանակավոր կառավարությունը:

Վազգեն Մանուկյանն իր ելույթն սկսեց այսպես. «Մենք կառուցեցինք անկախ պետություն՝ իր բոլոր թերություններով, բայց մենք կառուցեցինք այդ պետությունը: Մենք հիմա հավաքվել ենք նույն հրապարակում  30 տարի անց՝ կոտրված արժանապատվությամբ, հայրենիքը կորցրած: Հիմա Հայաստանի գոյությույունն էլ է վտանգված, ադրբեջանցին է  որոշում մեր երկրի սահմանները,  ու մենք իշխանություններից ոչ մի աջակցություն չենք ստանում»:

Վազգեն Մանուկյանը ներկայացրեց Փաշինյանի՝ իշխանության գալու ժամանակաշրջանն ու հանգամանքները:

«Ո՞նց հավատացինք քաղցր խոսքերին, ի՞նչ կատարվեց Հայաստանի հետ, մենք թշնամացանք իրար հետ: Թշնամացանք հին ու նոր , արցախցի ու հայաստանցի բաժանումներով: Նիկոլի առաջին քայլը եղավ գլխատել Արցախի բանակը: Պատերազմի ժամանակ ես Արցախում էի.  գեներալները սպասում էին, թե երբ են մտնելու շտաբ: Իսկ Նիկոլը չէր թողնում, թույլ չէր տալիս նրանց մասնակցել պատերազմին: Մեր բոլոր դաշնակիցները երես թեքեցին մեզանից: Փաշինյանի իրարամերժ, գրգռիչ հայտարարություններն ամեն օր մոտեցնում էին մեզ պատերազմին. և պատերազմն սկսվեց, մենք կարող էինք կանխել պատերազմը կամ  հաղթել պատերազմում փոքր կորուստներով: Աշխարհում ոչ մի ժողովուրդ  չի կարողանում հասկանալ հայերին, որ այն առաջնորդը, որ հայերին տարավ պարոտության, մինչև հիմա իշխանական ղեկի մոտ է: Նրա ամեն օրը մեզ հետ է գցում: Նա ոչ մի ազգային ձգտում չունի: Փաշինյանը մի բան էլ պիտի հասկանա, որ  ինչքան շուտ հրաժարական տա, այնքան լավ»:

Վազգեն Մանուկյանն անդրադարձավ եռակողմ համաձայնագրի փաստին՝ նշելով, որ դրա հետ  մենք երբեք չենք հաշտվի, բայց այն դեֆակտո աշխատում է: Նորից պատերազմ մղել Թուրքիայի  դեմ, կնշանակի Ռուսատանի դեմ դուրս գալ: «Պայմանագիրը բացթողումներով է կազմված. նոր կառավարությունը  պետք է դրանց շուրջ բանակցություններ վարի»,- ընդգծեց Վազգեն Մանուկյանը:

Ընդդիմության՝ վարչապետի միասնական թեկնածուն առաջիկա անելիքների մեջ նախանշեց առաջնահերթությունները՝ Հայաստանի անվտանգության հարցը՝ վերականգնել բանակն ու բանակի պարտունակությունը, վերականգնել Ռուսաստանի հետ բնականոն հարաբերությունները:

Անհայտ կորածների, զոհվածների, գերիների, տեղահանված արցախցիների  խնդիրները վայրկյան առաջ լուծում են պահանջում:  «Ստեղծենք պայմաններ, որպեսզի արցախահայությունը վերադառնա իր հայրենիք»,- նշեց Վազգեն Մանուկյանը:

Հանրահավաքի մասնակիցերը խաղաղ երթով շարունակեցին բողոքի ցույցը: Նրանք ուղղվեցին դեպի վարչապետի կեցավայր՝ Փաշինյանին առաջարկելու պաշտոնից հեռանալու վերջնաժամկետ: