Առանց Նիկոլ Հայաստան. հանրահավաքն ընթացքի մեջ է

59

«Իրավապահ մարմիններից ոմանք, ովքեր հլու-հնազանդ կատարում են Փաշինյանի հրամանները, այսօր վաստակում են հայհոյանք, արհամարհանք ու վարչապետի կողմից երբեմն-երբեմն պարգևատրումներ: Գագիկ Ծառուկյանին հանրահավաքից կես ժամ առաջ կանչել են ԱԱԾ՝ հարցաքննության: Քննիչների բարեխղճությունից է  կախված՝ նա կմասնակցի՞ հանրահավաքին, թե ոչ»,- հանրահավաքն այսպես սկսեց ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը:

«Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումն առաջարկեց հանրահավաքի մասնակիցներին Գեղամ Մանուկյանը:

«Այս հավաքը ինչ-որ մեկից իշխանությունից հեռացնլու և մյուսին իշխանության կարգելու համար  չէ. սա հանուն մեր ժողովրդի արժանապատվության համար է, որ որևէ սերունդ այս օրերի մասին դասագրքերում կարդալիս չարձանագրի, որ հայրենիք ծախած, կապիտուլյացիայի փաստաթուղթը մի գիշերում գաղտագողի ստորագրած, հանրությանը մասնատած Նիկոլ Փաշինյանին հայությունը չի հանդուրժի»,- հայտարարեց Գեղամ Մանուկյանը:

Հանրահավաքի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին հազարավոր զոհերի հիշատակին:

Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանն իր ելույթն սկսեց տերունական աղոթքով: Այնուհետև նշեց. « Արցախի մեծ մասը կորցրինք: Պատճառը որն է մեր հպարտ լինելու պատճառը:  Հպարտությունը մեղք է: Գիտեմ, որ եկել եք այստեղ՝ ձեր արդար ձայնը բարձրացնելու: Եթե պետք լինի, պետք է հավաքվենք ու գնանք այնտեղ, որտեղ մեր կարիքը կա՝ Արցախ: Գիտե՞ք երբնաից սկսեցինք պարտվել՝ երբ մեր ժողովրդի մեջ սկսվեց պառակտում մտցվել՝ սևեր-սպիտակներ, արցախցիներ-երևանցիներ: Մեր մեջ պետք է լինի աստվածային սերը, մենք կգնանք ու կհաղթենք, Արցախը մեզ է սպասում»:

Գագիկ Ծառուկյանը, որը ժամը 14:30-ից ԱԱԾ-ում է, ուղերձ է հղել հանրահավաքի մասնակիցներին. այն ընթերցեց ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը: «Իշխանությունները հերթական անգամ ապացուցեցին, որ սարսափում են ինձանից: Փաշինյանը պետք է վախենա ոչ թե ինձանից, այլ իր վարած խայտառակ քաղաքականությունից, զավակ կորցրած ծնողի ցասումից, հարյուր  հարազարավոր արցախցիներից: Մենք տեսանք, որ Փաշինյանն ամեն ինչ արեց, որպեսզի արցախյան հարցի լուծումը ձեռնտու լինի միայն Ադրբեջանին: Փաշինյանի հրաժարականն այլընտրանք  չունի.  որևէ երկրում նման բան չի եղել, որ պարտված, ձախողված ղեկավարը մնա իշխանության: Նիկոլ Փաշինյանը  պետք է հեռանա, որպեսզի Հայաստանի նոր ղեկավարը կարողանա նոր բանակցություններ վարել ու մեր երկիրը հանել այս օրհասական վիճակից: Ինձ Փաշինյանի անձն ընդհանրապես չի հետաքրքրում: Մարդ, որը չունեցավ պետական մտածողություն՝ ներողություն խնդրելու և հեռանալու, ինձ համար գոյություն չունի: Հեռանալու են և՛ Փաշինյանը, և՛ մյուս մեղավորները: Հայաստանի փրկության հեռանկարները կապվում են փորձառու քաղաքական գործիչ Վազգեն Մանուկյանի հետ: Այս իշխանության հետ այլևս որևէ երկիր չի բանակցելու: Այս իշխանությանն այլևս որևէ մեկը լուրջ չի ընդունում, մենք պետք է ստեղծենք ազգային փրկության կառավարություն, որտեղ ներգրավված լինեն փորձառու գործիչներ: պետք է րոպե առաջ լուծենք ռազմագերիների վերադարձի հարցը, պետք է լուծենք անտուն մնացած արցախցիների կեցության հարցը, լուծենք Հայաստանի խարխլված սահմանների հարցը»,-ասված է Գագիկ Ծառուկյանի ուղերձում: