Հերոս Սասուն Մովսեսյանը մինչև կյանքի վերջին վարկյանը պահեց Շուշին անառիկ

894

Հերոս Սասուն Մովսեսյանը մինչև կյանքի վերջին վարկյանը պահեց Շուշին անառիկ։

Ադրբեջանաթուրքական ագրեսիայի և լայնածավալ հարձակման առաջին օրից Սասունը մեկնեց ռազմաճակատ։

Սասունը ծնվել է 1989 թվականի օգոստոսի 6֊ին, ՀՀ Արարատի մարզի Ավշար գյուղում, ամուսնացած էր, ունի 2 որդի։
2020 թվականի սեպտեմբերի 26֊ին Սասունը, կնոջ՝ Սոնայի, նրա եղբոր և երկու որդիների՝ 8֊ամյա Գագիկի և 6֊ամյա Դավիթի հետ մեկնում է Արցախ անցկացնելու ընտանեկան հանգիստը։
Սեպտեմբերի 27֊ի առավոտյան, երբ սկսվում է լայնածավալ պատերազմը ընդեմ Արցախի, նա ընտանիքին հետ է տանում հայրենի գյուղ՝ Ավշար և նույն օրը վերադառնում Արցախ։
Պատերազմի ընթացքում Սասունը եղել է ռազմաճակատի բոլոր ուղղություններում, սկզբնական շրջանում անձնական մեքենայով արտասահմանյան լրագրողներին ուղեկցում է կրակի տակ ընկած գյուղեր և քաղաքներ։
Այդ ընթացքում հասցնում է մի քանի անգամ հետ գալ Հայաստան, կազմակերպում դրամահավաք, գումարը կրկնապատկում իր անձնական միջոցներով, զինվորների համար գնում քաղցրավենիք, ջուր, ծխախոտ, անձրևանոցներ, ձեռնոցներ, գլխարկներ, գուլպաներ, ինչես նաև ալյուր և այլ սնունդ։
Հերթական գնումների համար վաճառում է իր մեքենան մի քանի անգամ էժան գնով, գնում գիշերային տեսանելիության սարքեր և կրկին ուղևորվում է Արցախ։
Հերոսը պատերազմի ողջ ընթացքում հասցնում է լուսանկարել հրթիռահրետակոծված բնակավայրերը, ճանապարհները, քանդված շենքերը և ենթակառուցվածքները, նրան հասցնում են ճանաչել և սիրել Շուշիի, Քարինտակի և Ստեփանակերտի պաշտպանության համար մարտնչող զինվորները, այդ ընթացքում ծանոթացել և շփվել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի, իսպանացի լրագրող Պաբլո Գոնսալեսի, wargonzo ալիքի լրագրող Սեմյոն Պեգովի հետ։
Սասունը պատերազմի ամբողջ ընթացքում լրագրողների հետ թեժ կետերում լինելուց բացի նաև սնունդ, ջուր և նյութատեխնիկական սարքեր է հասցնում մարտական դիրքերում գտնվող զինվորներին, անցնելով ամենաբարդ, վտանգավոր և հրետակոծվող ճանապարհներով։
Նոյեմբերի սկզբից արդեն նա մասնակցում էր Քարինտակ, Շուշի և Ստեփանակերտ հատվածի պաշտպանությանը։
Սասունը զոհվում է նոյեմբերի 6֊ի երեկոյան, Շուշիի մատույցներում, թշնամին հարվածում է նրա մեքենային, որը գլորվում է ձորը։ Այդ պահին նա զինվորներին հաց էր տանում։
Հերոսը շատ էր սիրում Արցախ աշխարհը, հայրենիքը, հայ ժողովրդին, և այնքան շատ, որ նվիրեց ամենաթանկը ամենաթանկին՝ կյանքը հայրենիքին։
Հավերժ փառք Արցախյան հերոսամարտում նահատակված հերոս Սասուն Մովսեսյանին և մեր բոլոր նահատակներին։
Ձեր գործն անմահ է, Ձեր անունը մեր սրտերում։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ