Ի տարբերություն անցած հանրահավաքների` վաղվանը ունի առանձնակի նշանակություն մեր հայրենիքի ապագայի համար, նույնն է թե մեր երեխաների համար

78

«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահ, իրավաբան Արթուր Ղազինյանը կոչով դիմել է հանրությանը.

Սիրելի ընկերներ, բարեկամներ և հարազատներ, ծանոթներ և անծանոթներ,

Հայեր ջան.

Շատերիդ ճանաչում եմ անձաբ, շատերիդ հետ ընկերություն եմ արել և շարունակում եմ այդ ընկերությունը, մեծ մասիդ ձեռքը սեղմել եմ, ողջագուրվել, հաց կիսել, հյուրընկալել և հյուրընկալվել:

Ինձ ճանաչող մարդիկ կփաստեն, որ հազվադեպ եմ մարդկանց անհանգստացնում խնդրանքներով ու դիմումներով՝ ապավինելով նրանց շրջահայացությանն ու ողջախոհությանը:

Շատերդ ինձ հարցրել եք, ի՞նչ է պետք, ինչո՞վ կարող եմ օգնել: Եկել է այդ օգնության պահը, բայց ոչ թե ինձ, այլ մեր ՀԱՅՐԵՆԻՔԻՆ:

Հիմա ստիպված եմ դիմել ձեզ խնդրանք – պահանջով, ինչը, հուսով եմ, կընդունեք, չեք մերժի:

Վաղը Ազատության հրապարակում կայանալու է հանրահավաք, որին մասնակցելու եմ նաև ես և իմ հազարավոր ընկեր-համախոհները: Ի տարբերություն անցած հանրահավաքների, վաղվանը ունի առանձնակի նշանակություն մեր հայրենիքի ապագայի համար, նույնն է թե մեր երեխաների համար:

Մենք վաղը միասին վառելու ենք մեր ապագայի հույսի փարոսը, ցուցանել այն լուսաստղը, որ պետք է մեզ ուղեկցի դեպի կայուն և հզոր պետականության հանգրվան, միասին ապացուցելու ենք աշխարհին և ինքներս մեզ, որ մենք ունենք ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ, բավարար քաղաքացիական գիտակցություն և գաղափարական հենք, ուժ ու հանձնառություն մեր հայրենիքի հիմնասյուները քայքայած տգիտությունը, մեծամտությունը, պոռոտախոսությունը, դատարկ հպարտությունը:

Մենք ազգովի և յուրաքանչյուրս մեր բաժին պարտքն ունենք վերադարձնելու նահատակված հազարավոր ՀԵՐՈՍՆԵՐԻՆ, տասնյակ հազարավոր վիրավորված ու խեղված մեր հայորդիների առջև՝ նրանց կիսատ թողած գործը հաղթական ավարտին հասցնելու համար:

Մենք պետք է ցույց տանք աշխարհին, որ մենք արժանի ենք լինել Նժդեհի ու Մոնթեի հայրենակիցը, կարող ենք մեր ներքին խնդիրները լուծել մեր սեփական ուժերով և ունակ ենք Հայի ճակատից մաքրել այն համազգային խայտառակությունը, որ այսօր պատել է բոլորիս. Հայաստանում և Հայաստանից դուրս:

Մենք միասին պետք է մաքրենք մեր ապագայի ճանապարհը թափված կեղտաջրերից, անբարոյականության ու երեսպաշտության տիղմից, մեզ պարուրած գարշահոտից:

Վաղը, ժամը 15.00 բոլորիդ սպասում եմ Ազատության հրապարակում՝ ձեր ձեռքը կրկին սեղմելու ակնկալիքով:

Մինչ վաղը . . .