Ով կլինի նոր վարչապետը

363

Այս օրերին ակտիվացել է Փաշինյանի ու նրա կառավարության հրաժարականի անհրաժեշտության շուրջ դիսկուրսը։ Այս հրաժարականի անխուսափելիությունը, կարծես, դադարել է քննարկման թեմա լինել և նույնիսկ արտաքին գործընկերների կողմից Փաշինյանին ցուցաբերվող «բարոյահոգեբանական օգնությունը» չի փոխում իրավիճակը։ Միակ հարցը, որ տանջում է մեր հայրենակիցների մեծամասնությանը, այն է, թե ո՞վ պետք է լինի նոր վարչապետը և ի՞նչ պետք է անի նա։
Պետք է սկսել նրանից, որ ՀՀ նոր վարչապետը՝ ով էլ նա լինի, ըստ ամենայնի ունենալու է մանդատ՝ ընդհամենը մի քանի ամիս երկիրը կառավարելու։ Այսինքն նոր՝ ազգային համաձայնության կառավարությունն, ըստ էության, պետք է իրականացնի ճգնաժամային կառավարում։ Նոր վարչապետը կարող է իշխանության գալ մի քանի հիմնական կետից բաղկացած, ժամանակավոր օրակարգով։
Օրակարգային թերևս կարևրագուն հարցն է՝ բանակցել արտաքին գործընկերների, ռազմավարական դաշնակցի ու թշնամու հետ՝ փորձելով հնարավորինս մեղմել ստորագրված փաստաթղթի տրամաբանությունից բխող խայտառակ ու վտանգավոր հետևանքները։ Սա շատ բարդ է լինելու, քանի որ փաստաթուղը արդեն գոյություն ունեցող փաստ է և շատ կետեր արդեն իրագործված են։ Ադրբեջանը, ոգևորված հաղթանակից, պատրաստ չէ որևէ զիջման, ավելին, փորձում է քաղել առավելագույնը։ Ռուսաստանի դաշնությունը ստանձնել է փաստաթղթի իրականացման երաշխավորությունը և անելու է ամենը, որ խաղաղությունն ու դրա հաշվին հաստատված իր ռազմական ներկայացվածությունը ապահովելու և հիմնավորելու համար։ Անշուշտ, ստեղծված իրավիճակը շտկելու տեսական հնարավորություն ոչ հեռու ապագայում լինելու է ու նոր բանակցողը պետք է ամեն կերպ ամրապնդի մեր դիրքերը՝ այդ հնարավորությանը մոտենալու ճանապարհին։ Այս համատեքստում նոր վարչապետը ոչ միայն պիտի բանակցի՝ առկա կետերի շուրջ, այլև կոնկրետ ռազմագերիների և անհետ կորածների հարցի օր առաջ լուծման ։
Լրջագույն խնդիրից է քաղաքական կայունության հաստատումը։ Պետք է վերջ դնել սևուսպիտակի դիսկուրսին, միավորել բոլոր քաղաքական ուժերի մտավոր ու սոցիալական կապիտալը ու դիմադրել ճգնաժամին՝ բոլոր ոլորտներում։
Բոլորին տեսանելի է, որ Հայաստանի քաղաքական ինստիտուտները քանդված վիճակում են ու քաղաքական միասնությունը կօգնի լուծել նաև այս խնդիրը։
Ու վերջապես, նոր վարչապետը պետք է ստանձնի արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավորինս սեղմ ժամկետներում կազմակերպման առաքելությունը։ Այս ընտրությունները պետք է լինեն ազատ ու արդար, բոլորի համար հավասար պայմաններով, ինչը վերջնականապես վերջ կտա Հայաստանում քաղաքական ու սահմանադրական ճգնաժամին, հնարավորություն կտա դատական ատյաններում քննարկել խայտառակ դավաճանության մեղավորների գործերը ։
Այս ամենից բացի, պարզ է, որ մոտ է սոցիալտնտեսական ճգնաժամը, չի ավարտվել առողջապահական ճգնաժամը ու այս երկուսը կառավարելի դարձնելն ու անդառնալի կետին մոտեցմանն առաջն առնելը ևս ծանր, շա՜տ ծանր գործ է։
Հետաքրքիր է տեսնել՝ ով է այն խիզախը, ով այս ամենի ծանր բեռը կվերցնի իր ուսերին։ Ակնկալվում է, որ նա պետք է լինի ահռելի փորձով ու քաղաքական հետագծով գործիչ, ով փորձ ունի ճգնաժամային կառավարման, տիրապետում է բանակցային արվեստին, ուղնուծուծով ճանաչում բանակը ու ընդունելի է բոլոր առողջ ուժերի կողմից։ Բայց պետք է գիտակցել, որ ով էլ նա լինի՝ պետք է կենտրոնացնել բոլոր ուժերը՝ նրան օգնելու համար այս ծանր առաքելոիթյան հարցում։

Էդուարդ ԳԱԼՍՏՅԱՆ