Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը և Հայաստանը կկարողանան միանալ նոր միջանցքին․ Ալիև

70

«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը տեղեկացնում է :

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առաջարկել է ստեղծել Նախիջևանը երկրի արևմտյան հատվածի հետ կապող միջանցք: Նախիջևանի ինքնավար հանրապետությունը պատկանում է Ադրբեջանին, բայց նրանից բաժանվում է Հայաստանի տարածքով:
           «Մենք Նախիջևանը հանում ենք շրջապատումից՝ միևնույն ժամանակ բացելով նոր տրանսպորտային զարկերակ: Կարող եմ ասել, որ դրանից  կշահեն բոլոր երկրները»,-ասել է Ալիևը ժողովրդին ուղղված ուղերձում: Նա հավելել է, որ Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը և Հայաստանը կկարողանան միանալ նոր միջանցքին:

«Այսպիսով, տարածաշրջանում կարող է ստեղծվել համագործակցության նոր հնգակողմ հարթակ: Ես այդ գաղափարը արդեն հասցրել եմ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներին: Դրան դրական են արձագանքել ինչպես Ռեջեփ Թայիփ Էրդողանը, այնպես էլ Վլադիմիր Պուտինը: Սա մեր առաջարկն է: Մենք ուզում ենք, որ տարածաշրջանում հաստատվի երկարաժամկետ խաղաղություն»,- ասել է Ադրբեջանի նախագահը:
Ալիևը նաև հայտարարել է, որ Բաքուն առաջարկում է Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող նոր միջանցք ստեղծել, փոխարենը Ադրբեջանին փոխանցել Բերձոր քաղաքը:
          «Հիմա բոլորը լավ գիտեն, որ Լաչինի միջանցքն անցնում է Լաչին (Բերձոր) քաղաքով: Այսպիսով, Լաչին քաղաքը մնում է այս միջանցքի մեջտեղում: Ռուսաստանի նախագահի հետ զրույցներում ես ասել եմ, որ Լաչին քաղաքը նույնպես պետք է մեզ վերադարձվի: Հետևաբար, մենք առաջարկում ենք կառուցել նոր միջանցք: Մշակել երթուղի` Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող նոր միջանցքի համար և կառուցել այն: Այստեղ նշվում է նաև ժամանակը` երեք տարվա ընթացքում: Բայց ես հավատում եմ, որ դա կարող ենք անել ավելի վաղ: Նոր միջանցքի պարամետրերը որոշելուց հետո Լաչին քաղաքը նույնպես կվերադարձվի մեզ: Այս հարցը արժանի է հատուկ ուշադրության, քանի որ եթե ես չհասնեի դրա ներառմանը հայտարարության մեջ, Լաչինի միջանցքը մշտապես  ընդգրկելու էր Լաչին քաղաքը»,-ասել է Ալիևը:

         Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

        Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների մի մասին արդեն տեղակայվել է Արցախում։