Դումանյանը նշանակվելուց 3 օր առաջ պահանջել է կառավարության հրաժարականը. ուշագրավ դրվագ՝ ԿԳՄՍ նախարարի մասին

54

NEWS.am–ի տրամադրության տակ է հայտնվել մի ուշագրավ փաստաթղթի նախագիծ, որը հեղինակել և նոյեմբերի 20–ին ԵՊՀ գիտխորհրդի անդամներին է ուղարկել ԵՊՀ Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան, այսօր արդեն  ԿԳՄՍ նախարարի պաշտոնը զբաղեցնող  Վահրամ Դումանյանը։ Պարզվում է՝ նախարար նշանակվելուց երեք օր առաջ Դումանյանը վարչապետի և կառավարության հրաժարականի պահանջով ԵՊՀ գիտխորհրդի հայտարարության այլընտրանքային տեքստ է պատրաստել, որում անդրադարձ է կատարել նոյեմբերի 9-ին ստորագրված համաձայնագրի հետևանքով հասարակության շրջանում առաջացած խորը ճգնաժամին, խիստ լարված մթնոլորտին, օրըստօրե խորացող անջրպետներին։ Դումանյանը հիշեցրել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ 1997թ․ ներկայացրած ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ մերժված առաջարկը և որպես ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի լուծում առաջարկել.

«Այս ամենի հետևանքով մեր պետականության ճակատագիրը և ապագան էականորեն վտանգված են, ուստի Երևանի պետական համալսարանը կոչ է ամում ձեռնարկել սահմանադրական բոլոր հնարավոր միջոցները՝ ընդհուպ ամբողջ կառավարության հրաժարականը, ինչպես նաև ողջամիտ ժամկետներում ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների կազմակերպումը, ուղղված իրավիճակի կայունացմանը երկրի ներսում և հայկական շահի վրահիմնված արտաքին քաղաքականության իրականացմանը»,–գրել է Դումանյանը։

ԵՊՀ գիտխորհուրդը մերժել է ընդունել Դումանյանի առաջարկած հայտարարության տեքստը, փոխարենը հրապարակել է գրեթե նույնաբովանդակ մեկ այլ հայտարարություն՝ առանց Արցախյան խնդրի կարգավորման վերաբերյալ առաջին նախագահին «արդարացնող» ձևակերպումների։  Արդյունքում Դումանյանը հեռավար կարգով անցակացված խորհրդի նիստում ոչ միայն դեմ է քվեարկել ԵՊՀ գիտխորհրդի հայտարարությանը, այլև ժամեր անց համաձայնել է մաս կազմելու այն կառավարությանը, որի հրաժարականը պահանջում էր ինքը։

News.am