Bloomberg․ Թուրքիան կարող է վերադառնալ Արեւմուտքին՝ կարեւոր ռազմական տեխնոլոգիաների անվտանգությունն ապահովելու համար

89

Ռազմական տեխնոլոգիաների հեռանկարը եւ Ռուսաստանի հետ հարաբերություններում աճող լարվածությունը Թուրքիային վերադարձնում են իր արեւմտյան դաշնակիցներին՝ փորձելով ապահովել կարեւորագույն ռազմական տեխնոլոգիաների անվտանգությունը, հայտնում է Bloomberg-ը։

Թուրքիան վերջին տարիներին Մոսկվայի հետ մտերմացել էր՝ մերժելով եւ իր դեմ տրամադրելով Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության մյուս անդամներին։

Թուրքիան եւ ՆԱՏՕ-ի մի քանի դաշնակիցներ մի շարք խնդիրներով տարաձայնությունների մեջ էին ներքաշվել։ Հունաստանն ու Կիպրոսը Անկարային մեղադրում են Միջերկրական ծովի արեւելյան հատվածում ածխաջրերի համար պայքարում իրենց ծովային սահմանների խախտման մեջ։ Ֆրանսիան դատապարտել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ Հայաստանի հետ հակամարտությունում Թուրքիայի միջամտությունը Ադրբեջանի օգտին։ Իսկ կիրակի գերմանացի զինվորները իջել էին թուրքական բեռնատար նավի վրա, որը կասկածվում է Եվրամիության սահմանած Լիբիա զենքի մատակարարումների էմբարգոյի խախտման մեջ։

Թուրքիան հիմա պատրաստ է կուրսը փոխել, հայտնում է Bloomberg-ը։ «Անկարան կարծում է, որ բազմազգ ինստիտուտների եւ անդրատլանտյան կապերի հանդեպ Բայդենի անսասան հավատը իրեն կօգնի վերացնել ՆԱՏՕ-ի գործընկերների հասցրած վնասը եւ կմեծացնի վաղուց սպասվող զենքի գործարքների հավանականությունը»։

ԱՄՆ-ն Թուրքիային հանել է նոր սերնդի F-35  կործանիչների ստեղծման ծրագրից այն բանից հետո, երբ Անկարան ձեռք բերեց ռուսական Ս-400 հակահրթիռային պաշտպանության համակարգը։ Իսկ Թուրքիայի հայրենական պաշտպանական արդյունաբերությունը ամբողջ ուժով փորձում էր Կանադայից, Գերմանիայից եւ Ֆրանսիայից ստանալ կարեւոր բաղադրիչներ Սիրիայում, Լիբիայում եւ Լեռնային Ղարաբաղում վերջին ռազմական ինտերվենցիաների դեմ քաղաքական առարկությունների ֆոնին։

Բայց Մոսկվան նույնպես չարդարացրեց Ս-400-ի գործարքից հետո ռազմական տեխնոլոգիաների փոխանցման վերաբերյալ Անկարայի սպասումները, ուստի Թուրքիան պատրաստ էր Մերձավոր Արեւելքում իր ներկայությունն օգտագործել, որ ՆԱՏՕ-ին օգնի «զսպել զավթողամոլ Ռուսաստանին», աղբյուրներին է մեջբերում Bloomberg-ը։

Այդուհանդերձ, Թուրքիայի հարաբերությունների համար նախկինի պես լրջագույն խնդիրներ կան եւ վերականգնելը հեշտ չի լինի, նշում է Bloomberg-ը։

News.am