Քարվաճառում երեկ տեղադրված դարպասները այսօր արդեն կոտրվել են․ Թագուհի Թովմասյան

120

Մենք այսօր գտնվում ենք անորոշության եւ բառի բուն իմաստով անտեր վիճակում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին խորհրդարանում ԱԺ ամբիոնից հայտարարեց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«Ինձ հետաքրքիր է, թե ինչու է հայը ադրբեջանցի զինվորականի հետ մնացել մեն–մենակ, ո՞ւր է մեր սահմանապահ ծառայությունը, բանակը, ո՞ւր են խաղաղապահները, որտե՞ղ են պետության ինստիտուները, եւ ինչո՞ւ է ադրբեջանցուն քաղաքացին խնդրում, որ թողնի, որպեսզի իր իրերը դուրս հանի։ Հասկացանք պարտվել ենք, բայց խնդիրներ ունենք, որ չենք լուծում, որոնք շատ հետեւանքներ են ունենալու»,- նշեց նա։

Թագուհի Թովմասյանի խոսքով՝ ռազմական դրությունը հայտարարվել է այն հանգամանքների առկայության պարագայում, որոնք անմիջականորեն սպառնում են ՀՀ  ինքնիշխանությանը, անվտանգությանը, տարածքանյին ամբողջականությանը եւ քաղաքացիների կյանքին ու անվտանգությանը։

«Փաստորեն մենք ռազմական դրության պայմաններում չենք պահպանում այս կարեւոր դրույթը։ Ուզում եմ, որ ինձ սպառիչ պատասխան տրվի՝ ի՞նչն է մեր խնդիրը, ինչո՞ւ ենք մենք կազմաքանդվել»,- ասաց նա։

 Անկախ պատգամավորը հայտարարեց, որ ահազանգ է ստացել, որ Քարվաճառում երեկ տեղադրված դարպասները այսօր արդեն կոտրվել են, ու թշնամին առաջ է գալիս։

«Քիչ առաջ ես խոսեցի կորպուսի հրամանատարի հետ, համենայն դեպս, այդ պահին հանք ներխուժելու մասին ինֆորմացիան չհաստատվեց, բայց այն, որ դարպասները կոտրվեն են, եւ առաջ են գալիս, ու պետք է ուրիշ տեղ դրվի, դա հաստատվեց, դա մեղմ ասած՝ խայտառակություն է»,- նշեց Թագուհի Թովմասյանը։

Գեղարքունիքի մարզից  ընտրված պատգամավորը կոչ արեց պաշտպանել Վարդենիսի շրջանի բնակիչների անվտանգությունը։

Պատգամավորը բարձրաձայնեց նաեւ զինծառայողների եւ զինվորականների հերթափոխի կարգավորման մասին։

«Երեկ ես մի ծնողից ահազանգ եմ ստացել, որ «Եղնիկներում» իր որդին վերջին անգամ սեպտեմբերի 25-ին է լողացել, հիմա չունի հերթափոխ, ի՞նչ է լինելու այս երեխաների ճակատագիրը»,- ասաց նա։

Նշենք, որ քիչ առաջ ԼՀԿ պատգամավոր Հարություն Բաբայանն իր ֆեյսբուքում  գրել է. «Հենց նոր տեղեկացրեցին, որ Սոթքի ոսկու հանք են ներթափանցել 80 ազերի զինվորական։ Էտ ո՞ր պայմանագրով ենք կողմնորոշվում , ո՞վ պիտի վերահսկի պայմանագրի կատարումը։ Պատկան մարմիններ արձագանքեք»։

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ նոյեմբերի 26–ի առավոտյան իսրայելական զրահամեքենաներով ադրբեջանցի զինծառայողները, այդ թվում՝ բարձրաստիճան, գալիս, մտնում են հանքի տարածք, որտեղ լինում է 7 ժամկետային զինծառայող, ասում են՝ սա մեր տարածքն է, հեռացեք այստեղից։

Զինծառայողները զանգահարում են տարբեր պատասխանատուների, ոչ ոք չի պատասխանում, ստիպված հանքի տնօրինությունն է գնում ադրբեջանցիների հետ բանակցելու, չի իմանում՝ ինչ ասել, փորձում են կապվել պատկան մարմինների հետ, ոչ ոք չի արձագանքում։

Դժվարությամբ խնդրում, համոզում են, թե սպասենք, տեսնենք՝ ինչ է լինում։ Նրանք էլ ասում են՝ վաղը գանք, այստեղ չլինեք, թե չէ չգիտենք, ինչ կլինի։

News.am